ՍԴ դատավորների թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հարցն այսօր քննարկվել է խմբակցության հրավիրված նիստին: Այս մասին հայտնեց Աժ «Իմ քայլը»
խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը` նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանը:
«Դիրքորոշում չի կարող լինել, դիրքորոշումը կլինի այն ժամանակ, երբ մենք կկազմակերպենք քվեարկություն, կկայացվի որոշումը, և մեր գործընկերը կհրապարակի այդ արձանագրությունը, որից կերևա Աժ դիրքորոշումը՝ կոնկրետ թեկնածուի նկատմամբ»,- ասաց պատգամավորը:
Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց, որ պատգամավորները իրենց հուզող հարցերը տվել են, ստացել են պատասխաններ: Պատգամավորը ընդգծեց, որ յուրաքանչյուր պատգամավոր կքվեարկի և իր խղճի առաջ որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ ԱԺ-ը 2019 թ. մայիսի 29-ին մերժել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Արթուր Վաղարշյանին ՍԴ դատավորի թափուր պաշտոնում նշանակելու առաջարկությունը:
Մեկ անգամ արդեն մերժված թեկնածուին դարձյալ առաջադրելու մասին հարցի առնչությամբ Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության վերաբերմունքը այս հարցի վերաբերյալ չի փոխվել:
Նշենք նաև, որ 2019 թ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ԱԺ մերժումը պայմանավորված էր նրանով, որ նա մարտի 1-ի վերաբերյալ հստակ պատասխաններ չի տվել:
Հայկ Մագոյան