
Ես չգիտեմ՝ Խարկովում հրաձգություն եղել է թե ոչ: Մամուլից եմ իմացել: Սա շատ նման է սադրանքի: Այս մասին «Ուկրաինա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
«Եթե նույնիսկ կրակել են, մենք չգիտենք, թե ով է դա արել: Համոզված եմ, որ հայկական համայնքային կազմակերպությունները ոչ մի կապ չունեն դրա հետ: Եվ, ընդհանրապես, որտեղի՞ց այդպիսի վստահություն, որ հայերն անպայման կապ ունեն դրա հետ: Պատվավոր հյուպատոսները, որպես կանոն, ներգրավված են ինչ-որ առևտրային, տնտեսական գործունեության մեջ: Միգուցե սա հենց դրանո՞վ է պայմանավորված: Միգուցե հենց իրե՞նք են ինչ-որ բան արել սադրանքի նպատակով: Ես չգիտեմ։
Դա պետք է պարզեն իրավապահ մարմինները, և, եթե կան հանցագործներ, ապա կան համապատասխան օրենք և համապատասխան պատժամիջոցներ: Պետք չէ միանգամից եզրակացություններ անել:
Ես կցանկանայի նշել հայ համայնքի, Ուկրաինայի հայերի միության դիրքորոշման մասին, որը ես լիովին սատարում եմ: Էությունն այն է, որ Ուկրաինան մարտի դաշտ չվերածել: Խոշոր համայնքներն այստեղ են ապրում, և հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Եվ դա նրան (հայ համայնքին) հաջողվում է, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը որոշ ժամանակ առաջ բուռն, կրակոցներով ուղեկցվող ավտոերթ էր կազմակերպել Կիևի կենտրոնում:
Կցանկանայի նշել, որ ադրբեջանական քարոզչության ոգով նման սադրանքները կարող են մաս կազմել բախումներ հրահրելու կամ բնակության երկրներում հասարակական կարծիքը հայերի, Հայաստանի դեմ ուղղորդելու մի ընդհանուր արշավի։ Ցավոք, նման դեպքեր եղել են նաև այլ երկրներում: Նմանատիպ մի բան վերջերս անհաջող կերպով փորձում էին հայկական կողմի վրա բարդել Բալթյան երկրներից մեկում, ավելին՝ նրանք փորձեցին կրոնական երանգ հաղորդել:
Այսպիսով, պետք է հանգստանալ և թույլ տալ, որպեսզի իրավապահներն աշխատեն: Տվյալ պահին այսքանը կարող եմ ասել այս հարցով»,- ասել է դեսպանը: