Այս անգամ կարծեք զրույց ստացվել է, անկախ նրանից, թե ինչի շուրջ են համաձայնել կամ ինչ են քննարկել,  մի բան տեսանելի է, որ հանդիպումներից հետո չկա այն աղմուկը, որ կար առաջին անգամվա հանդիպումից հետո: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետՄիջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ այցելությանը և Ոսկեպարի ու հարակից գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը:

«Սա նշանակում է, որ գոնե քննարկման ժամանակ եղել է կառուցողական մթնոլորտ և հավաբանար մարդիկ ունեն իրենց հարցերի որոշ պատասխանները»,- ասաց նա և նշեց, որ վարչապետի՝ տավուշցիների հետ առաջին հանդիպումից հետո քաղաքագետների հետ ևս հանդիպում է եղել և նրանց  ևս ներկայացվել է, թե որն է Հայաստանի մոտեցումը այս խնդիրներին:

«Ենթադրում եմ, այս անգամ մարդիկ հասկացել են, թե ինչ է ուզում անել Հայաստանի Հանրապետությունը և ինչպես է պատրաստվում կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ սահմանազատման դեպքում, եթե իհարկե Ադրբեջանը համաձայնվի որևէ տարբերակի, իսկ ես հակված եմ մտածելու, որ նա չի համաձայնելու:  Այս առումով Փաշինյանի կողմից բնակիչներին ասվածներից մեկ բան է նորություն, որ Ադրբեջանը 90 տոկոսով համաձայնվել է, բայց ես գիտեմ, որ Ադրբեջանը միշտ խաղում է  տասը տոկոսի վրա, քանի որ այն, ինչ առաջարկվում  է,  այն չէ, ինչ Ադրբեջանը ուզում է: Մի շատ կարևոր ինդիկատոր կա, եթե մենք ընդունեինք, որ Փաշինյանը նվիրում է նախկին ադրբեջանական գյուղերը, ապա հիմա  Ալիևը առանց վայրկյան կորցնելու կհամաձայներ: Հարց է առաջանում՝ ինչու չի անում, եթե ընդդիմությունը անընդհատ ասում է՝  տալիս է, տալիս է։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի բան այն չէ, նշանակում է, որ Ադրբեջանը խնդիներ ունի առաջարկների հետ, քանի որ եթե դա լիներ գյուղերի ուղղակի վերադարձ, ապա Ալիևը արդեն քայլեր արած կլիներ, պատմական պահը բաց չէր թողնի: Ես կարծում եմ, որ տավուշցիները հասկանում են, որ այս ամենը մեծ պատերազմ սանձազերծելու համար է»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը անկախ նրանից, որ պետք է պահպանի կարմիր գծերը, ունի պատերազմը զսպելու, կանխարգելելու անհրաժեշտություն:

«Ընդդիմությունը բացարձակ այլ բանի մասին է խոսում, դրա համար այդ ընդդիմությանը չի հասկանում տավուշցին: Ընդդիմությունը բերում է Ոսկեպար գյուղում կանգնում ասում է՝ մենք ձեզ փրկում ենք, այնինչ Ոսկեպարը հանձնելու մասին խոսք չկա և չի եղել, իսկ ոսկեպարցու մտահոգությունները կապված են անվտանգության հետ: Ինձ սկզբում թվում էր, թե ընդդիմությունը քարտեզը չգիտի, քանի որ ասում էին, թե հանձնվող գյուղերը դրանք Տավուշի գյուղերն են:  Իմ կարծիքով, ընդդիմությունը փորձում է այս ամենն օգտագործել ներքաղաքական կեղտոտ հաշվարկներում՝  Հայաստանի հասարակության, մասնավորապես՝  տավուշցիների հույզերի վրա խաղալով ընդդիմադիր շարժում գեներացնին, սա ամենամեղմ տարբերակն է»,- ասաց նա և նշեց, որ տպավորություն կար, որ նույնիսկ նրանց խաղը տեղավորվում էր ռուսական որոշ ցանկությունների մեջ:

«Ես բազմաթիվ փաստեր ունեմ, թե ինչպես են Տավուշում ընդդիմադիրներին տներից ուղղակի վռնդել, քանի որ տեղի մարդկանց այլ բան են ասում, իսկ տեղի մարդը գիտի, որ խնդիրը այլ բանի մեջ է. անվտանգ ապրելու, սահմանները գծելու մեջ է, որ ենթակառուցվածքները անվտանգ լինեն, պաշտպանական գիծը լավագույնը լինի: Քարոզիչներին, որոնք գնացել են մուննաթ գալու, որ դուրս գան փողոց, հրապարակ, միանան Երևանից գնացածներին, ուղղակի դուրս են շպրտել, ասել են՝ գնացեք, մենք լավ գիտենք մեր խնդիրները»,- ասաց նա:

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ մենք իրավունք չունենք Տավուշի խնդիրները դուրս դնելու անգամ իսրայելա-իրանական խնդիրներից,  քանի որ ամեն ինչ իրար հետ կապված է: «Սահմանի երկուստեք ճանաչումը ինչ-որ առումով նվազեցնում է ռիսկը, ես այս առումով կուզեմ, որ սահմանը ճանաչվի, որ հստակ լինի, որ Ադրբեջանի այս կամ այն քայլը ուղղված է  միջազգային կարգի դեմ»,- հավելեց նա:

868