
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման գործում։
Զրուցակիցները քննարկել են միջպետական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնակի շեշտելով տարբեր ուղղություններով առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ընթացիկ տարում արտաքին քաղաքական գերատեսչությունների և օրենսդիր իշխանության մարմինների միջև փոխգործակցության ակտիվացումը:
Մնացական Սաֆարյանը դեսպան Բոկոնտաևին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումներին: