Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

Աբու Դաբիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Ըստ հաղորդագրությունների՝ այն տևել է շուրջ 5 ժամ, քննարկվել են տարածաշրջանային ու երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, ինչը նշանակում է, որ այն բովանդակային ու տևողության առումով լուրջ է։

Չնայած թերահավատությանը, այդուհանդերձ կար սպասում, որ դրա արդյունքում կստորագրվի բանակցված, 17 հոդվածից բաղկացած Խաղաղության պայմանագիրը։ Ակնհայտ է, որ այն չի ստորագրվել, բայց 5 ժամ քննարկվել են հարցեր, որոնք վստահաբար վերաբերել են հենց Ադրբեջանի կողմից խոչընդոտ համարվող հարցերին, ավելի ստույգ՝ փորձ է արվել տեղում գտնել դրանց լուծումներ։ Այդ հարցերի կապակցությամբ պաշտոնական Երևանը Հայաստանից մինչև եվրոպական մայրաքաղաքներ վերջին շրջանում հիմնավորել է Ադրբեջանի հարուցած խնդիրների մտացածին լինելը՝ սահմանադրության խոչընդոտումից, Մինսկի խմբի ապագայից մինչև Նախիջևանի հետ "միջանցքային կապ"։

Սահմանադրության փոփոխության մասին շատ չխոսեմ․ Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ եթե ԱԺ վավերացրած Կանոնակարգին Սահմանադրական դատարանն արդեն իսկ տվել է "սահմանադրությանը համապատասխանում է" մեկնաբանությունը ու այդ Կանոնակարգը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան ալմաաթիական սահմանի սահմանազատմանը, հետևաբար Ադրբեջանի մտահոգությունները, թե Խաղաղության պայմանագրի համար նախապես պետք է վերացվեն "հայկական ռեվանշիզմն ու տարածքային պահանջ" ենթադրող հղումները /Անկախության հռչակագրի վրա/, մտացածին են, քանի որ այդ հարցերին Սահմանադրական դատարանը սպառիչ տվել է իր մեկնաբանությունը, իսկ Խաղաղության պայմանագիրն էլ վավերացվելու դեպքում իրավաբանորեն գերակա ուժ է ունենալու Սահմանադրության ու մնացած նորմատիվ ակտերի նկատմամբ։

Առավել կարևոր է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման ու այդ համատեքստում Ադրբեջանի "միջանցքային" պահանջի պահը։ Այսօր, Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգընթաց ՀՀ ԱԳՆփոխնախարարը վերահաստատել է, որ փոխադարձության սկզբունքով եթե անգամ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում մարդկանց ու բեռների փոխադրման գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության, ապա դա պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո:

Սա նշանակում է, որ մեզ հայտնի ուժային կենտրոնները, առաջին հերթին ԱՄՆ երեկ իր դիրքավորմամբ Ալիևին այնպես են բերել կառուցողական դաշտ, որ նա 5 ժամ ստիպված է եղել քննարկել միգուցե տարբեր լուծումներ, բայց բոլորը՝ Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո։ Սա վատ չէ։

Իհարկե, ցանկալի կլիներ, որ այսօր ստորագրված լիներ Խաղաղության պայմանագիրը։ Բայց տեսանելիորեն, Ադրբեջանը ժամանակ է խնդրել առաջարկությունների վրա մտածելու համար, քանզի հայկական կողմի առաջարկությունները վերջին տարիներին ողջունվել են արևմտյան տարբեր մայրաքաղաքներում։ Ի վերջո՝ քաղաքական հայտարարությունները տարբեր ու այդ թվում առանցքային երկրներից Խաղաղության խաչմերուկը ողջունելու ու դրան աջակցելու մասին, որի կետերից մեկը հենց ապաշրջափակումն է երկրների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո, դրա գրավոր ու վառ ապացույցն է: Նույնը չես ասի Ադրբեջանի դեպքում․․․ Նա այդպես էլ չկարողացավ "Զանգեզուրի միջանցքը" հարմար գնով վաճառի արևմուտքի վրա անգամ Միջին միջանցքով շահագրգռելու բազում փորձերից հետո։

Այսօր Ադրբեջանը խուսափել է ստորագրել Խաղաղության պայմանագիրը, բայց խելոք-խելոք պարտավորվել է շարունակել բանակցությունները, ու 5 ժամ խնդիրներ է քննարկել, և ինչպես նշեցի՝ "միջանցքի հարցը քննարկվել է" Հայաստանին շահեկան սկզբունքների դաշտում՝ ճանապարհ Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո, իսկ լուծումների դաշտում որոշ գործառույթներ կարող են պատվիրակվել երրրոդ կողմի, բայց առանց խախտելու հիմնարար սկզբունքներն ու փոխադարձության սկզբունքով։ Իսկ սա Ադրբեջանի "դասական" միջանցքը չէ․․․ Նա չի կարողացել հանդիպումը նախօրեին ողջունած ԱՄՆ-ին "Ոչ" ասել, բայց այսօր "Այո" էլ չի ասել, ինչն էլ Ռուսաստանն է ողջունել․․․ Բայց Ալիևը ինչ-որ քայլ ստիպված է եղել անել ու զադնի տալ՝ սահմանազատման հարցում վերջին ամիսների տեղատվությունը վերացնել ու առաջ շարժվել․․․ Իսկ սա կրկին Հայաստանի համար լավ է․․․ Ոչ բավարար, բայց լավ է, որ ալիևը ոտքերը գետնին քսելով, բայց ստիպված է առաջ շարժվել չպատժվելու համար․․․ Չէ որ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում համառում է, հետևաբար այլ մակարդակում ինչ-որ բան պետք է տա․․․ Ու հենց դրա տակ էլ թայմ-աուտ է վերցրել ու գնացել տուն մտածելու․․․

Միով բանիվ՝ կարծում եմ, հանդիպումը Հայաստանի համար դրական էր։ Առավելագույն ստանալու շանսերը քիչ էին, բայց պրոցեսը գնում է ու Ալիևը հատկապես ռուս-ադրբեջանական սրացումների խորապատկերին հարկադրված է ոտքերը գետնով տալով, զադնիներ տալով, բայց առաջ գնալ․․․

Միջանցք չի լինելու, իսկ ճանապարհ լինելու է, որը ստեղծելու է Հայաստանից կախվածություններ, այդ թվում' Ադրբեջանի կախվածություն Հայաստանից, և ամենակարևորը, սկսում է լուծվել Հայաստանի ապաշրջափակման խնդիրը, որը կենսական է։

879