ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվում են Կապանի Բաղաբուրջ բնակավայրի 63-ամյա բնակչի առերևույթ սպանության հանգամանքները։

 

«2024 թվականի ապրիլի 18-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ հայրը ապրիլի 13-ին գնացել է քաղաք Կապան ու չի վերադարձել։

 

Ստացված հաղորդման հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապրիլի 18-ին հայտնաբերվել է որոնվող տղամարդու կիսաայրված մարմինը՝ թաղված Կապանի բնակիչներից մեկի տան բակում։

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 63-ամյա տղամարդը ապրիլի 13-ին՝ ժամը 17-:00-18:00-ի սահմաններում, Կապանում հանդիպել է իր ծանոթին ու առաջարկել նրա տան բակում միասին օղի խմել։

 

Տանտիրոջ համաձայնությունը ստանալուց և միասին խմելուց հետո, 63-ամյա տղամարդը, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, խոսակցության ընթացքում անպարկեշտ արտահատություններ է հնչեցել Կապանի բնակչի հասցեին, ինչից հետո վերջինս բաց ափով 3 անգամ հարվածել է նրա դեմքին։ Սակայն, վիճաբանությունը, կարճ ժամանակ անց հարթվել է։ 63-ամյա տղամարդը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, գիշերել է Կապանի բնակչի տանը։

 

Քննությամբ դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝ ապրիլի 14-ի առավոտյան տանտերը նրան գտել է մահացած վիճակում և վախենալով, որ վերջինս մահացել է իր հասցրած հարվածներից, որոշել է մարմինը թաքցնել։

 

Այդ նպատակով՝ այն տեղափոխել է իր տան հետնամաս, դիակը թողել մինչ այդ այգում իր կողմից վառած թփերի կիսաայրված զանգվածի վրա։ Ապա նկատելով, որ տղամարդու մարմինն այրվում է, փոս է փորել ու դիակը թաղել այնտեղ՝ հողի հետ դրա վրա լցնելով նաև այրված թփերի կիսամոխրացած զանգվածը։

 

Սպանություն կատարած լինելու կասկածանքով 2024 թ. ապրիլի 18-ին Կապանի բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

 

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

362