Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ Թեժ գծով և «Ակտիվ քաղաքացի» հարթակով ստացված ահազանգերին։
Նրա խոսքով՝ վտանգավոր է թե՛ աշխատանքները սխալ կազմակերպելը և թե՛ անգործությունը. «Սա նրա համար է, որ հստակ հասկանանք՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Մեր աշխատանքը կազմակերպելու գրագետ ձևը կա, իհարկե, օրենքին համապատասխան։ Շատ դեպքերում կլինեն քննարկումներ, մենք քաղաքական որոշումներ կկայացնենք, որ ի նպաստ կլինեն աշխատանքին, բայց ուզում եմ՝ ակնհայտորեն չարաշահումներ ենթադրող, ակնհայտորեն խնդրահարույց դեպքերի վերաբերյալ զեկույցներ չունենանք ու չլսենք։ Սա վերաբերում է բոլորին»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ այդ ամենը արդարացում չի կարող լինել չաշխատելու համար։
«Այդ դեպքում մեկ այլ մեթոդ կա՝ ուղղակի այդ մարդիկ կփոխարինվեն: Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ և աշխատանքը կազմակերպել օրենսդրությանը և մեր որոշումներին համապատասխան»,- ասաց Ավինյանը: