ԱԺ շենքի դիմային հատվածում Civic.am-ի լրագրողը հարցազրույց վերցնելիս է եղել  մեր  պատգամավորից, դրանից հետո իրեն է մոտեցել Լևոն Քոչարյանի՝ ըստ էության թիկնապահը, որքան ես եմ տեղյակ օգնականի հաստիքի վրա գրանցված մի երիտասարդ, լրագրողի գործունության վերաբերյալ մեկնաբանություն է արել, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողի հասցեին, հետո հարվածել նրա դեմքին: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Civic.am-ի լրագրողի հետ կապված միջադեպին։ 

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, նա արձագանքեց․ «Պատճառը լրագրողի մեկնաբանություններ են եղել, լրագրողական գործունեությունը։ Անկախ վերբալ մակարդակում ով ինչ հայտարարություն է անում, Լևոն Քոչարյանը  հանկարծ թող չխառնի ԱԺ-ն «Պոպլովոկի» հետ, թող իրենց հաշիվ տան․ փախչել կմ-ներով հեռու գնալ, անբարոյական հայտարարություններ անել և փախած ման գալը որևէ կապ չունի քաղաքական գործունեության, էլ չեմ խոսում տղամարդկության հետ։ Եթե այդ մարդիկ խոսում են, որ դուխով գնանք՝ հողեր են հանձնում, մենք հայրենասեր ենք, ուժեղ  տղերք ենք, այդ ուժեղ տղերքը փախած ման չեն գալիս»,- նշեց նա։ 

«Թող հանկարծ Քոչարյանի ընտանիքը չխառնի ԱԺ-ն «Պոպլովոկի» հետ, թե չէ մեր վերաբերմունքը շատ խիստ է լինելու  և իրավական մակարդակով, և նաև այլ հարթություններում՝ ԱԺ-ում  քաղաքական մակարդակով, եթե փորձեն  շարունակել այս պահվածքը։ Իսկ այս միջադեպն իրավական  գնահատականի է արժանանալու, քաղաքական գնահատականի մասին կխոսենք»,- հայտնեց պատգամավորը։ 

Հարցին, թե, արդյոք սա կապված էր Բագրատ Սրբազանի մասին լրագրողի հայտարարությունների հետ, ինչպես սա կմեկնաբանի պատգամավորը, նա նշեց․ «Հատկապես ընդդիմադիր դաշտում բազմաթիվ լրագրողներ կան, որ ինչ ուզում խոսում են, և ես չեմ տեսել, որ որևէ ընդդիմադիր պատգամավոր մեկնաբանի իրենց լրագրողի գործունեությունը, լրագրողն ազատ գործունեություն է իրականացնում, ՀՀ քաղաքացի է, որտեղ կա խոսքի ազատություն, սա ժողովրդավար պետություն է, սա Ռոբերտ Քոչարյանի ժամանակները չի, հանկարծ թող չխառնեն։ Եթե որևէ մեկը կարծում է, որ մարդու ազատ խոսքը կարող է կանգնեցել բռունցքներով՝ դրա պատասխանը 10 անգամ ավելի խիստ է լինելու»։

858