«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցը: Ինդեքսը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում, հրապարակվել է մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը։ ՀՀ-ն ինդեքսում բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։
Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։ Նշվել է, որ թեև երկրում առկա է բազմակարծության միջավայր, սակայն լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ․ «Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված»։ «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են:
Ըստ զեկույցի՝ Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրները սոցիալական ցանցերն են, ուր ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը․ «2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ եկան բազմաթիվ նոր լրատվամիջոցներ և անկախ լրատվական կայքերը, ինչպիսիք են՝ Civilnet.am-ը, Hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը, որոնք բարգավաճում են և կատարում անկախ հսկիչի դեր, որն էական նշանակություն ունի ժողովրդավարության համար, սակայն, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են հիմնական քաղաքական և կոմերցիոն շահերի հետ, շարունակում են ճնշումների ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության համար»: Ընդգծվել է, որ լրատվամիջոցների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը։ Նշվել է նաև, որ միայն մի քանի լրատվամիջոցներ են շարունակում անկախ մնալ, իսկ մյուսները հավատարիմ են մնում կա՛մ իշխանական թևին, կա՛մ ընդդիմադիր կողմին:
Շեշտվել է, որ հատկապես զգայուն են երկու քաղաքական թեմաներ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները և Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը, իսկ որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և թիրախավորում լրագրողներին։ Ըստ զեկույցի՝ չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության կիրառմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին:
Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել լրագրողների անվտագության խնդիրներին։ Նշվել է, որ Ադրբեջանի հետ սահմանին բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը, նրանք հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների, ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, նաև նրանց կողմնակիցների կողմից, և ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ բռնությունը երկրում մնում է անպատիժ։
Ըստ զեկույցի՝ երկրում լրագրությունը որպես մասնագիտություն անարգված է և քաղաքական էլիտաների հակալրատվական հռետորաբանությունը, որը լրագրողներին մեղադրում է «կոռուպցիայի» և հակառակորդներին ծառայելու մեջ, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Նշվել է նաև, որ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։