«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ 44-oրյա պատերազմից հետո մի առիթով գերիների խնդրով որոշել է հանդիպել Գարեգին վեհափառի հետ և այդ հանդիպումից մանրամասներ պատմել։

«Անդրանիկ Քոչարյանի հետ էինք։ Ազգային ժողովից միասին գնացինք Մայր Աթոռ։ Վեհափառի աջակցությամբ ու ներգրավմամբ գերիների թեկուզ փոքր խմբի ազատ արձակելու իրական հնարավորություն կար։ Այստեղ չեմ պատմի, թե վեհափառը ինչ պատասխանեց իր միջնորդությամբ գերիներին Բաքվի բանտից ազատելու հնարավորության մասին։

Վեհափառն արագ խոսակցությունը տեղափոխեց երկրում ծավալվող ներքաղաքական գործընթացների դաշտ։ Ասաց, որ գործող վարչապետը պետք է հեռանա և հաստատակամորեն պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը։ Նոր՝ արտահերթ ընտրությունների մասին վեհափառը ոչինչ չակնարկեց։ Դա 2020-ի դեկտեմբերի սկզբին վեհի հետ տեղի ունեցած վերջին հանդիպումն էր։

Այդ հանդիպումից երեք տարի հետո, երբ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ Բագրատ սրբազան Գալստանյանը հաղթական քայլում է դեպի մայրաքաղաք, վարչապետի պաշտոնի համար եկեղեցին ո՞ւմ թեկնածությունն է դիտարկում։ Քոչարյանը մնում է թեկնածուների ցանկում։ Ո՞վ է Հայ եկեղեցու՝ Հայաստանի վարչապետի թեկնածուն։ Ժողովրդի՝ «բազմաց» ձայնը որևէ կերպ ազդո՞ւմ է եկեղեցու որոշումների, դիրքորոշման վրա»,- գրել է նա:

Մեկ այլ գրառման մեջ էլ Բաբաջանյանը նշել է. «Եթե չեմ սխալվում, ամբողջ աշխարհում Հայ եկեղեցու էջմիածնական թեմերի սպասավորների թիվը չի անցնում չորս հարյուրից։ Անթիլիասական թեմերի հետ միասին այդ թիվը կարող է հասնել 500-600-ի։ Եկեղեցի բառը ծագում է հունարեն ἐκκλησία բառից․ նշանակում է ժողովուրդ։ Հայ եկեղեցին կազմված է ոչ միայն հոգևորականներից, այլև հատկապես ժողովրդից։

Վերջին օրերին եկեղեցականներն ու հայ եկեղեցու էջմիածնական և անթիլիասական թեմերի առաջնորդները անվերապահորեն զորակցում, իսկ Ամենայն հայոց հայրապետը աջակցում է Բագրատ սրբազանի քայլարշավը։ Իրենց հայտարարություններում մեր հարգելի եկեղեցականները միայն իրե՞նց են ներկայացնում, թե՞ նաև եկեղեցու ժողովրդին։ Ի վերջո, հետաքրքիր է՝ եկեղեցու, թեմի անունից հանդես եկողներն ունե՞ն տվյալ թեմի, ծխի, հավատացյալ ժողովրդի անունից հանդես գալու մանդատ։

1240