Ես տեսնում եմ անհաղորդություն ժողովրդի մոտ: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով այսօրվա հավաքին:
«Միգուցե ժողովուրդը լավ էլ հասկանում է ով ինչի մասին է խոսում, ով ինչ է ուզում, ժողովուրդը շատ իմաստուն է: Ես չգիտեմ ինչ քանակություն կհավաքվի, բայց տոտալ մեծամասնությունը շատ անհաղորդ է, որովհետև չեն հասկանում, թե ինչ են ուզում եկեղեցականները»,- ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ փորձագետներին հասկանալի է նրանց ուզածը, և նրանք կարծում են, որ Հայաստանի սահմանագծման ժամանակը չի: «Այդպես գտնում է նաև Ռուսաստանը: Երբ եկեղեցու սպասավորը ասում է, որ ժամանակը չէ քննարկելու տարածքային ամբողջականության հարցը մի երկրի համար, որի տարածքային ամբողջականությունը խախտված է և սահմանագծումը միակ խաղաղ եղանակն է այդ տարածքները հետ բերելու, առավելևս մենք արդեն հասնում ենք այն փուլերին, երբ ըստ էության եթե ամեն ինչ բարեհաջող գնա, պետք է վերադարձնեն տարածքները, դա նշանակում է, որ եկեղեցին ասում է՝ մի վերադարձրեք մեր տարածքները»,-ասաց նա:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ հավաքի մասնակիցները հայտարարել են, որ ռազմատենչ են, բայց չսահմանագծելու այլընտրանքը միշտ չէ, որ կարող է պատերազմը լինել: «Եկեղեցականների ասած ճանապարհը ավանտյուրա է, այո, թողնել այդ ռիսկերը, այս վիճակը թողնել հավերժ՝ դա նշանակում է՝ միշտ թողնել պատերազմի տեղ, առավելևս, որ երկիրը չի կարողացել ռազմական բալանսը վերականգնել: Եկեղեցականների փորացավը, կաթողիկոսի փորացավը բոլորովին այլ բան է, կաթողիկոսի խնդիրն այն է, որ նա անցած տարի Պուտինից մեդալ է ստացել»,- ասաց նա և նկատեց, որ մեդալն ու այդ ամենը պատահական չէ:
Քաղաքագետն ասաց, որ ներքաղաքական իրավիճակի լարումը ոչինչ չի տալիս Հայաստանին, և եթե նկատվում են ռիսկեր, դրանք պետք է վեր հանվեն: «Լավ, էս աստիճանի անհայրենիք կարելի՞ է լինել, հետո էլ հայրենիքը խցկել են կարգախոսի մեջ, ու՞ր է ձեր հայրենիքը, պետք է մարդ տեսնի. հայ, հայրենիք, Հայաստան՝ բոլոր բառերը տրորել են»,- ասաց նա: