Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները ողջունել է Ղազախստանի առաջարկը՝ մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով, հայտնում է ադրբեջանական TURAN գործակալությունը։

«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան TURAN-ի հարցին:

Նախատեսվում է, որ ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը փետրվարի վերջին Բեռլինում կայացած բանակցություններից հետո առաջին անգամ կհանդիպեն ուրբաթ օրը։

«Ինչպես մենք բազմիցս նշել ենք, մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս արձանագրված առաջընթացից և աջակցում ենք երկու երկրներին, երբ նրանք շարժվում են դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»:

Պետդեպարտամենտը անցյալ ամիս ողջունել է հայտարարությունը, որ երկու երկրները համաձայնել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանի սահմանազատման հիմք:

606