
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և դրանց ուղղված ԱՄՆ ջանքերին։ Խոսնակը նշել է. որ ԱՄՆ պահպանում է իր հանձնառությունը ապագայում խաղաղ, բարգավաճ, ժողովրդավարական և անվտանգ Հարավային Կովկաս ունենալու ուղղությամբ։
«Մենք շարունակում ենք երկկողմ համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսիք են Եվրամիությունը և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը՝ լուծումներ գտնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին»,- նշել է պետդեպի խոսնակը։
«Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, ունի լավագույն հեռանկարները՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը։ Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում։ Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, դա մենք չէ, որ պետք է թելադրենք: Դա ծանր աշխատանք է, որը պետք է կատարեն իրենք՝ կողմերը»,- հավելել է խոսնակը։