
Աշխարհն ավելի մոտ է միջուկային էսկալացիային, քան երբևէ վերջին 60 տարվա ընթացքում։ Նման հայտարարություն է արել բրիտանական կառավարության ղեկավար Ռիշի Սունակը, որը այս վիճակը բացատրել է Ռուսաստանի գործողություններով։
«Պուտինի անխոհեմ պահվածքը մեզ ավելի մոտեցրել է վտանգավոր միջուկային էսկալացիային, քան երբևէ [1962 թ.] Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո»,- ասել է Սունակը Լոնդոնում տեղակայված Policy Exchange վերլուծական կենտրոնում ելույթ ունենալիս:
Ինչպես ընդգծել է վարչապետը, հաջորդ հինգ տարիները կարող են դառնալ «ամենավտանգավորներից մեկը Մեծ Բրիտանիայի համար, բայց միևնույն ժամանակ բերելով ամենամեծ փոխակերպումները, որոնք երբևէ ապրել է թագավորությունը»։
Սունակն իր ելույթում նաեւ ասել է, որ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը, որը կարող է իշխանության գալ հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո, չի կարող ապահովել երկրի անվտանգությունը։