Վերջին շրջանում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կազմակերպած ակցիայի մասնակիցներից որոշների անկառավարելի վարքագիծը, բռնության, ատելության խոսքերի գործածումը, որոնք ուղղվում են թե՛ իրենց գործողությունները չսատարող և չմիացող քաղաքացիներին, թե՛ իրավապահ համակարգի աշխատողներին, ըստ տարբեր փորձագետների և քաղաքացիական հասարակության անդամների, ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչ արժեհամակարգի կրող էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների անդամներից շատերը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նմանատիպ գնահատական է տալիս նաև «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ Գալստանյանի աջակիցները իրենց խոսույթում հիմնականում կիրառում են «սատկելու եք», «ծեծվելու, ստորացվելու եք» արտահայտությունները: Նա պնդում է՝ այս ձեռագրով երկար ժամանակ Հայաստանը ղեկավարել են այն մարդիկ, որոնք այսօր էլ կանգնած են այս շարժման թիկունքում։

«Այժմ փողոցում գտնվող խմբերը ունեն նույն տերերը և աշխատում են այն տարբերակով, որով նախկին իշխանությունները իրականացրել են «Մարտի 1», «Հոկտեմբերի 27»։ Պարզ է, որ սա հայրենիքի կռիվ չէ, այլ աթոռի։ Իրենց համար նման լեքսիկոնը ու ատելության նման խոսքի տարածումը նվազագույն բանն է, որ կարող են անել։ Իրենք որտեղ էլ լինեն, այդ բառացանկից անբաժան են լինելու։ Այսինքն՝ գրեթե կրկնում են իրենց վաղեմի բարեկամի, հարևանի՝ Ադրբեջանի լեքսիկոնը։ Ուստի այստեղ արդեն մարդիկ պետք է տարանջատեն, թե իրականում ով ով է»,- ասում է Խաչատրյանը։

Վերջինս նկատում է՝ զրկված լինելով որպես իշխանություն բռնություն կիրառելու հնարավորությունից՝ փողոցային շարժման ղեկավարները դիմում են այս քայլին, ատելության խոսքի միջոցով փորձում զոհի կարգավիճակ ընդունել․ «Նույն խոսքերն ու բառապաշարը տվյալ մարդիկ տեսել ու լսել են իրենց տերերից, երբ նրանք էին իշխանության։ Կան մարդիկ, որոնք գիտակցված են գնում այդ քայլին, կան, որոնք էմոցիոնալ դաշտում շուտ են բռնկվում, բայց կրկին ուղղորդված են անում։ Նպատակ ունեն նման քայլերով գնալ սադրանքի, ինչ-որ մի տեղ մի բան պայթի, իրենք էլ ասեն՝ «տեսեք, էսպես եղավ, սիրելիներ, գնում ենք տուն», և շարժման ձախողված լինելը արդարացնեն դրանով։ Մնացել է մեկ շաբաթ իրենց կոտորեն ու գնան տուն»։

Հոգեբանական առումով գուցե այս քայլերը որոշակի ազդեցություն ունենան հասարակության սթափ հատվածի վրա, կարծում է ավագանու անդամը, նաև նկատում՝ թեպետ ժողովրդի մի որոշ մասը ինչ-ինչ պատճառներով դեմ է իշխանությանը, սակայն մարդիկ, փողոց դուրս գալով, հասկանում են, թե իրականում ինչ է թաքնված այս ակցիաների հետևում:

Իսկ թե ինչո՞ւ են ատելության խոսքի ու արտահայտությունների հեղինակները հիմնականում կանայք, Խաչատրյանն ասում է. «Կանայք էմոցիոնալ տեսանկյունից ավելի հեշտ են նման խոսքեր ասում, ավելի համարձակ են ու արագ են համաձայնվում նման որակով աշխատանքի, քանի որ շատերի համար սա գաղափարի պայքար չէ, այլ հենց աշխատանք է, որ կատարում են։ Էդգար Ղազարյանի ասածը հիշենք, նա պարզապես հոգեկան շեղումներ ունի և այս վիճակով եղել է նախկին իշխանությունների դեսպան։ Դերասանուհին, որ կոչ էր անում հայերին մնալ, չհայերին գնալ (-խմբ նկատի ունի դերասանուհի Անաիս Սարդարյանին, որը հանրահավաքներից մեկի ժամանակ հավաքված բազմությանն առաջարկել էր, որ ով հայտ չէ, գնա Հայաստանից, մնան միայն հայերը) փողոցային իր ներկայացումից հետո պետք է ամոթով դուրս գա տնից, հետո լքի Հայաստանը։ Այս մարդիկ ցույց են տալիս իրենց մակարդակը, այն ատելությունը, որ փաստացի ունեն ժողովրդի հանդեպ, որովհետև միայն փողի ու իշխանության են ձգտում»։

Միևնույն ժամանակ Խաչատրյանը կարծում է, որ չպետք է Գալստանյանի ղեկավարած անձանց նմանատիպ պահվածքին շատ ուշադրությամբ ու լրջությամբ վերաբերվել։

«Իրենք փոքրամասնություն են կազմում, որ այդ քայլերին լրջություն տանք։ Հոգեբանական ազդեցությունը կլինի այն, որ մարդիկ կսկսեն ատել փողոցային պայքարը, այսինքն՝ իրենք բոլոր ձևերով հաջողության չեն հասնում ու որակազրկում են ամեն ինչ։ Երբ նախկին իշխանությունների ժամանակ մենք ընդդիմություն էինք, «մահապարտ» էինք, քանի որ մի հանրահավաքի համար մեզ տանում էին ոստիկանություն ու բոլորիս ծեծի ենթարկում։ Հիմա ժամանակները փոխվել են, ՀՀ-ն դարձել է ժողովրդավար երկիր, և նման մեթոդները Հայաստանի համար անընդունելի են։ Ամեն դեպքում պետք է օգտագործել օրենքով սահմանված լիազորությունները և նման պահվածքը ավելի խիստ վերաբերմունքի արժանացնել»,- ընդգծում է նա:

326