Բագրատ Գալստանյանի ղեկավարած շարժումը գնալով մարում է և խնդիրը իրականում նրանում է, որ երկու տարի է մնացել մինչև խորհրդարանական ընտրություններ ու որոշ ուժեր քաղաքական դաշտում զբաղված են իրենց դիրքավորմամբ։ Araratnews-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավագետ Արտաշես Խալաթյանը։

«Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և մնացած փոքր քաղաքական ուժերը դիրքավորվում են որպես պահպանողական ուժեր ու պայքար է գնում 8-10 տոկոս ընտրազանգվածի համար, որոնք ավելի նվազ կրթական ցենզ ունեն և ենթակա են այդ պահպանողական արժեքների քարոզչությանը։ Եվ ըստ էության իրենց նպատակն է ժողովրդին իրենց մասին հիշեցնելը։ Շարժումը քանի որ  ձեռք չբերեց զանգվածայնություն, հիմա  կարևոր է ժողովրդին տաք պահելը՝ քաղաքական դաշտում վերջնականորեն չմարգինանալու համար»,- ասաց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչու՞ է դա արվում եկեղեցու ձեռքով, Խալաթյանը պատասխանեց․ «Իրականում եկեղեցին որպես ինստիտուցիոնալ կառույց այս պրոցեսին չներգրավվեց, ինչը ես դրական եմ գնահատում․ խնդիրը այստեղ որոշ քաղաքական հավակնություններ ունեցող հոգևորականների մասնակցությունն է այս պրոցեսին և իհարկե ցանկալի կլինի, որպեսզի եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ներքին թեկուզ կարգապահական միջոցներով արձագանքի հոգևորականների վարքագծին։ Երբ հոգևորականները քաղաքական նախապատվություն են ցուցաբերում՝ նրանք արդեն ապրիօրի չեն կարող հավասար աչքով նայել իրենց հոտին ու խախտում են եկեղեցու միավորող գործառույթը»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որը պնդել էր, թե Արևմուտքը վախեցնում է Վրաստանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ կիրառված իբր բիրտ ուժի համար, բայց Հայաստանի դեպքում  քար լռություն է, Խալաթյանն ասաց․ «Ռուսաստանը փորձում է անթաքույց ձևով ասոցացվել այս շարժման հետ, ինչը միայն լրացուցիչ բացասական ազդեցություն է գործում շարժման թափի վրա, և փաստացի մենք տեսնում ենք Ռուսաստանի համակրանքը Վրաստանի իշխանությունների և Հայաստանի փողոցներում շարժում ծավալող ընդդիմադիր շրջանակների հանդեպ․ ես կարծքում եմ, որ այս ամենի դատավորն ի վերջո լինելու են վրաց և հայ ժողովուրդները, որոնք մեղմ ասած հիացած չեն, որ գործ ունեն արտաքին սատարում ունեցող ներքաղաքական գործընթացների հետ, և ես կարծում եմ, որ այդ իմաստով երկու ժողովուրդները բավականին հասուն են, որպեսզի այս մեսիջները բացասական ընկալեն։ Կարծում եմ՝ Վրաստանն ու Հայաստանն այսօր կենսական մարտահրավերների առաջ են կանգնել, որոնց հաղթահարումը իհարկե պետք է լինի հօգուտ ազատության, ժողովրդավարության և հօգուտ արևմտյան կողմնորոշման»։

Գեղամ Ադյան

792