
Իրանի նախագահ Ռաիսիի և նրան ուղեկցող պատվիրակության նահատակությունից հետո Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարությամբ իրենց ցավակցությունն են հայտնել ժողովրդին և Իսլամական Հեղափոխության առաջնորդին:
Հայտարարության մեջ ասվում է.
«Մենք՝ որպես Իրանի իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ԻԻՀ գերագույն առաջնորդին, զոհերի ընտանիքներին և Իրանի մեծ ժողովրդին ցավակցում ենք նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում ԻԻՀ առաջնորդի ներկայացուցիչ և ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ»։
Հայտարարությունը ստորագրել են Իսլամական խորհրդարանում Սպահանի և հարավային Իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, Իրանի ասորի և քաղդեացի քրիստոնյաների պատգամավոր Շառլի Էնվիե Թեքիեն, Իրանի զրադաշտականների պատգամավոր Էսֆանդիար Էխթիարին և Իրանի հրեաների պատգամավոր Հոմայուն Սամե Յահ Նաջաֆաբադին։