ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին սահմանների սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը։ Նա կողմերին կոչ է արել շարունակել այդ գործընթացը սահմանի մնացած հատվածներում և լուծել բոլոր չլուծված երկկողմ հարցերը՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար»,- ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ «Ազերթաջ» գործակալության հարցմանն ի պատասխան:

Ըստ ծառայության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նաև փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս շարունակում են աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։

«Հուսով ենք, որ մայիսի 10-11-ը Ալմաթիում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպմանը կհաջորդի հետագա կառուցողական փոխգործակցությունը մնացած տարաձայնությունները լուծելու համար»,- ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության պատասխանում։

262