![](https://araratnews.am/admin/images/1716451057.jpg)
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց ԱԳՆ միջոցներից 5 մլն դրամ հատկացնել ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների վարձատրությունը լավարկելու նպատակով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ պետական արարողակարգի ծառայության բնականոն աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ են ժամանակակից պահանջներին համապատասխան մրցունակ կադրեր։ Սակայն, ցածր վարձատրությամբ պայմանավորված, խնդիր է առաջանում ինչպես փորձառու կադրերի արտահոսքի, այնպես էլ նոր ռեսուրսների ներգրավման տեսանկյունից: Աշխատանքի ծավալները, պատասխանատվությունը, մասնագիտական հմտությունները, լեզուների իմացության պահանջը չեն համապատասխանում դրա դիմաց ստացած վարձատրությանը։
Պետական արարողակարգում աշխատանքը պահանջում է առանց հանգստյան օրերի կամ արտաժամյա աշխատանքի պատրաստակամություն և աշխատանքի վրա կենտրոնացում, որի համար անհրաժեշտ է, որպեսզի աշխատակիցը զերծ մնա առօրյա նվազագույն սոցիալական և կենցաղային խնդիրներից։
Աշխատանքի գրավչությունը պահպանելու, աշխատակիցներին խրախուսելու, ինչպես նաև նոր կադրերի ներգրավման համար բավարար պայմաններ ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում լավարկել վարձատրության չափը։