Գրեթե բոլորին է արդեն պարզ թե ինչու են Ռուսաստանից Հայաստան ներմուծվում հայազգի «փրկիչները»։ Հայրենիքի փրկության անվան տակ ռուսական տարբեր ծայրագավառներից վերջին օրերին Հայաստան են ներմուծվում տարատեսակ «բանդիտներ», հանցագործներ, որոնք նույնիսկ արդեն չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Երևանում բախումներ և սադրանքներ հրահրելն է։

Հայաստանում ներքաղաքական քաոս առաջացնելու միակ շահառուն Ռուսաստանն է։ Սա Հայաստանում գիտեն արդեն բոլորը, բացառություն են կազմում թերևս միայն «սրբազան շարժման» առանձին «հայդուկները»։ Ռուսական սցենարը որքան վտանգավոր, նույնքան էլ պարզունակ և ծիծաղելի է։

2021 թվականից սկսած Ռուսաստանը մեկ նպատակ է հետապնդում՝ ՀԱՊԿ, այսպես ասած «խաղաղապահ», իսկ իրականում օկուպացիոն զորքը մտցնել Հայաստան և տապալել ժողովրդավարական իշխանությունը։ Իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում սկսվեն ներքին բախումներ, զանգվածային անկարգություններ, որոնք ինչ-որ պահից սկսած դառնալու են անկառավարելի և Հայաստանը ստիպված է լինելու դիմել Ռուսաստանին, կամ ՀԱՊԿ-ին՝ երկրում իրավիճակը կայունացնելու համար զորք ուղարկել Հայաստան։

Ի դեպ, գրեթե նման սցնենարը խաղարկվեց Ղազախստանում՝ 2022 թվականի հունվարին։ Այն ժամանակ ՀԱՊԿ նախագահող երկիրը Հայաստանն էր, երբ Ղազախստանում սկսվեցին ներքին բախումներ, զանգվածային անկարգություններ և ջարդեր՝ այդ երկրի ղեկավարը դիմեց ՀԱՊԿ-ին՝ երկրում կարգ ու կանոն հաստատելու համար։ Իսկ թե ինչ եղավ հետո բավական զավեշտալի էր։

Երբ իրավիճակը Ղազախստանում կայունացավ, ՀԱՊԿ զորքերը, այդ թվում և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք Ղազախստանում իրականցանում էին հատուկ օբյեկտների պահպանություն, սկսեցին դուրս բերվել միջինասիական այդ երկրից, սակայն ռուսական զորքերը, որոնք թե՛ թվաքանակով, թե՛ ռազմական տեխնիկայի առումով ամենամեծն էին, շարունակեցին մնալ Ղազախստանում։ Այսինքն գործեց ռուսական ավանդական մեթոդը՝ այնտեղ որտեղ մտնում են ռուսները, այլևս չեն ուզում դուրս գալ։

Ռուսական զորքը Ղազախստանը լքեց միայն այն բանից հետո, երբ Չինաստանը ուղղակի և անուղղակի ձևով ցույց տվեց, որ մտադիր չէ հանդուրժել Ղազախստանում ռուսական ռազմական հսկայական ներկայությունը։

Ռուսաստանն այսօր նույն սցենարը որոշել է խաղարկել արդեն Հայաստանում։ Հայաստանի հանրությունը հասկանալով իրավիճակի լրջությունը, չի փորձել ներքաշվել «սրբազան հայդուկների» խաղի մեջ։ Մինչև այս պահը «սրբազաններին» չի հաջողվել երկրում բախումներ հրահրել և հենց դա է պատճառը, որ Կրեմլի տիկնիկավարները սկսել են սադրիչներ գործուղել Հայաստան, որոնք սոցհարթակներում արդեն ագրեսիվ կոչեր են հնչեցնում, վիրավորում են ՀՀ քաղաքացիներին, երիտասարդությանը, ուսանողությանը։

Իրավիճակը թեպետ պարզ է, բայց նաև բարդ։ Հայաստանի իրավապահ և անվտանգային կառույցները պետք է արագ կանխեն Ռուսաստանից Հայաստան ներթափանցած տարատեսակ «բանդիտների» գործողություններն ու ծրագրերը։ Հայաստանը բարդ ժամանակաշրջան է ապրում, և չպետք է թույլ տալ, որ իրավիճակն ավելի բարդացնեն նրանք, որոնք իրենց բաժին «ճաշը» վաղուց գտել են օտար, հիմնականում թշնամի երկրում։

Աղբյուրը՝ zarkerak.am

972