Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա տարհանված 429 բնակիչ, որոնցից երկուսը հղի կանայք են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ  ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ ներկայացնելով Ալավերդիում և հարակից բնակավայրերում տիրող իրավիճակը և հետագա անելիքները։

«Բնակիչների մեծամասնությունը իրենց հարազատների տներում են, հրաժարվել են մեր առաջարկած աջակցությունից»,- ասաց Ցուցուլյանը։

Կամո Ցուցուլյանը տեղեկացրեց, որ շենք-շինություններում այս պահին մոտոպոմպերի միջոցով իրականացվում են ջրահեռացման աշխատանքներ։

«Սանահին բնակավայրի հետ ճոպանային ճանապարհով կապ ենք ստեղծել, որի միջոցով, եթե անհրաժեշտություն լինի, բնակչությունը կտարհանվի։ Երեկ մարդկանց սնունդ ենք մատակարարել, անհրաժեշտության դեպքում այսօր ևս ճոպանների միջոցով սնունդը կապահովենք»,- ասաց նա։

Կամո Ցուցուլյանը նաև նշեց, որ միջոցներ են ձեռնարկվում որոշ բնակավայրերի մեկուսացումը վերացնելու ուղղությամբ՝  առնվազն շարժական նոր կամուրջ կառուցելու միջոցով։

«Ալավերդի համայնքում ունենք մեկուսացված բնակավայրեր, որոնց հետ կապված փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ․ նշված բնակավայրերը կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով»,- ասաց նախարարի տեղակալը։

Անդրադառնալով փրկարար ծառայության կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքներին՝ նա տեղեկացրեց, որ այս պահին կատարվում են վթարային-վերականգնողական աշխատանքներ։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ նախապես բնակչության տարհանում տեղի չի ունեցել՝ Ցուցուլյանն ասաց, որ հնարավոր չէ կանխատեսել, թե ջրի մակարդակն ինչ աստիճանի կարող է բարձրանալ։

«Եթե մենք իմանայինք, որ ջրի մակարդակն այսքան կբարձրանա և այսպիսի վնասներ կլինեն, բնականաբար, նախօրոք տարհանում կանեինք և ազդարարում կիրականացնեինք»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ նոր հեղեղումների վտանգ չկա, քանի որ ջրի մակարդակը մոտ 105 սմ-ով իջել է։     

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Փլուզվել է 17 կամուրջ, որոնցից 5-ը խոշոր կամուրջներ են․ դրանց վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի։ Վերջին տվյալներով՝ հեղեղումների հետեւանքով զոհվել է 4 մարդ։

351