Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստներ` Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը, մեկնարկում են 2020 Speed Chess Championship մրցաշարում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկել է Chess.com կայքի 2020 Speed Chess Championship-ը, որին մասնակցում են 16 շախմատիստներ։

 

Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը լքում է պայքարը։ Մրցաշարի մասնակիցների մի մասը, այդ թվում նաև Լևոն Արոնյանը, ստացել են մրցաշարին մասնակցելու անհատական հրավեր, իսկ Հայկ Մարտիրոսյանն այդ իրավունքը նվաճել է մի շարք նախընտրական մրցաշարերում հաջող ելույթների շնորհիվ։ 2020 Speed Chess Championship-ի մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Յան Նեպոմնայշչին, Անիշ Գիրին և մի շարք այլ հանրահայտ շախմատիստներ։ 1/8 եզրափակիչի որոշ մրցախաղեր արդեն կայացել են․ մասնավորապես Մագնուս Կարլսենը հաղթել է Փարհամ Մաղսուդլուին, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ Ֆիրուզա Ալիռեզային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Նիհալ Սարինին։

Լևոն Արոնյանը նոյեմբերի 11-ին Երևանի ժամանակով 21։00-ին կմրցի Յան Նեպոմնյաշչու դեմ, իսկ Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Երևանի ժամանակով 21։00-ին կմրցի Հիկարու Նակամուրայի դեմ։

11 Նոյեմբեր, 2020 17:00
127
; ;