Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սաուդյան Արաբիայի Թագավորության նորանշանակ դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին (նստավայրը՝ ք․ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Շնորհավորելով դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Վահան Կոստանյանը կարևոր հանգրվան է համարել նախորդ տարի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

Այս առումով նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանի հավատարմագրումն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման հարցում: Երկուստեք արձանագրվել է որ առկա է երկկողմ համագործակցության զգալի ներուժ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավելագույն ջանքեր գործադրել բազմաշերտ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Կարևորվել է նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն ուղղված ջանքերը, հակիրճ անդրադարձել ՀՀ և հարևան երկրների միջև հարաբերությունների վերջին զարգացումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

227