
Այսօր կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագիծը։
Նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով խոշոր և մանր եղջերավոր կենդանիների տեղաշարժի վերահսկումը, հետագծելիության բարելավումը, նախիրների կառավարումը և տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրմամ», ինչպես նաև հանրապետությունում զարգացնել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում, գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծման գործընթացը»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ականջապիտակի հարցի կարևորությանը, ասաց, որ օրինակ՝ Լոռու աղետի գոտում խոշոր եղջերավորների դեպքում այն հեշտացնում է հաշվառման գործառույթը, և եթե մանր եղջերավոր անասունների ականջապիտակների ծրագիրը իրականացած լիներ, նույն հարցը լուծված կլիներ, բայց համոզմունք հայտնեց, որ դրա հետ կապված խնդիրներ են ծագելու:
Այսպիսով՝ ըստ նախագծի՝ 2022 թվականին 1116-11005 ԽԵԿ-ի համարակալման և հաշվառման միջոցառման իրականացման բյուջեն ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման համաձայն կազմել է 884 400,0 հազ. դրամ, 2023 թվականին՝ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման համաձայն կազմել է 499 099,5 հազ դրամ, 2024 թվականին՝ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման համաձայն կազմել է 155 434,4 հազ դրամ։
Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների հաշվին։ Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջեով հաստատվող չափաքանակի շրջանակներում։
Ծրագրի արդյունավետ իրականացումը կապված է ֆինանսական հետևյալ բաղադրիչներից՝
-
- անասնաբուժական պարագաների ձեռքբերում,
- ռադիոհաճախականությունը գրանցող սարքի (RFID 50 000 մինչև 500 000 դրամ ըստ հաճախականության միավորի) ձեռքբերում,
- ներգրավված անասնաբույժների վերապատրաստման դասընթացների անցկացման ծառայության ձեռքբերում,
- հանրապետությունում տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների կողմից բուծվող ԽԵԿ-ի և ՄԵԿ–ի համարակալման և հաշվառման միջոցառման իրականացում։