Հանձնաժողովներ կան ստեղծված՝ հանրապետական, մարզային և համայնքային: Աշխատում են, գնահատում են վնասները տարբեր ուղղություններով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Գիտեք, որ բավական բազմաշերտ է՝ սկսած պետական խոշոր ենթակառուցվածքներից, ինչպիսին միջպետական ճանապարհներն են, տեղական ճանապարհն է, երկաթգիծ և այլն, այնպես էլ համայնքային և նաև տեղական նշանակության անհատական բիզնես տարբեր կենտրոններ, այգիներ և այլն, բայց դեռ վնասների չափն ընդհանրացնել հնարավոր չէ»,- նշեց նա:

Սանոսյանն ասաց, որ կան բարձրահարկ շենքեր, որոնց առաջին հարկերը ջրով և տիղմով էին լցվել: «Հիմա Քաղաքաշինության կոմիտեի գործընկերները նախնական ուսումնասիրություններ են անում, բայց դեռ բավական ժամանակ կպահանջվի, որպեսզի հասկանանք՝ շենքը ինչ աստիճանի է վնասվել, վնասվել է, թե չէ, վթարայնության ինչ աստիճան ունի, այլևս ապրելու ենթակա է, թե՝ չէ: Աշխատանք տանում ենք, որոշակի գնահատումներ կլինեն, որոշ ժամանակ հետո միգուցե կկարողանանք խոսել, բայց, ցավոք սրտի, բավական մեծ թվեր կլինեն՝ հաշվի առնելով և՛ ընդգրկվածությունը տարածական, և՛ ոլորտային»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե համայնքներից որն է ամենաշատը տուժել, Գնել Սանոսյանն ասաց. «Ակնհայտ Ալավերդին է տուժել, հատկապես հենց Ալավերդի քաղաքը՝ իր թաղամասերով և Քարկոփ բնակավայրը: Քարկոփը, եթե գյուղական բնակավայրերից նայենք, ամենատուժածն է, որովհետև գրեթե ամբողջ գյուղը լցվել էր ցեխով, ցեխաջրով, տիղմով, որտեղ հիմա ակտիվ աշխատանքներ են ընթանում»:

ՏԿԵ նախարարը նաև նշեց, որ բավական մեծ քանակությամբ տիղմ կա, որի մեջ կարող են տարբեր վնասակար նյութեր լինել, մյուս կողմից՝ կան անկած կենդանիներ՝ հավեր, խոզեր և այլ կենդանիներ, որոնց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ չէ:

«Դրա համար առողջապահական ոլորտի տեսչական մարմնի գործընկերները մի կողմից աշխատանք են իրականացնում, մյուս կողմից՝ հորդորում զգույշ լինել, և շարունակում են նաև գետի ափերով որոշակի փնտրողական աշխատանք, որպեսզի եթե այդ մարմինները հայտնաբերվեն, համապատասխան տեղերում անասունների համար պատշաճ կարգավորումներով գերեզմանոցներ են առանձնացվել, որ չտարածվի հիվանդությունը»,- նշեց նախարարը:

243