Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 13-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխություններին եւ դրա ընդունումը համարեց անհետաձգելի:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հիմնադրամի շահառու ճանաչված զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության (այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելու) դեպքում հիմնադրամը հատուցման գումարները շարունակում են վճարվել նախկին չափով` մինչև 20-ամյա ժամկետը լրանալը:

Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ եթե բարելավվում է զինծառայողի հաշմանդամության խումբը (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը), ապա դա չի հանգեցնում նշանակված հատուցման գումարի վերանայմանը:

Հստակեցվում է նաև, որ հիմնադրամի խորհուրդը կարող է աջակցության ծրագրեր իրականացնել նաև հիմնադրամի նախկին շահառուների համար:

Լուծումներ են առաջարկվում նաև անցումային շրջանի խնդիրներին`սահմանելով, որ փոփոխությունն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողներին Հիմնադրամի կողմից վճարվող դրամական աջակցությունը ևնրանք համարվում են Հիմնադրամի շահառու, հստակեցվում է նախորդ ժամանակահատվածի համար չվճարված ամսական հավասար վճարների վճարման կարգը: Ըստ այդ կարգի՝ չվճարված ամսական հավասար վճարների գումարները վճարվում են օրենքի ուժի մեջ մտնելու պահից3 ամսվա ընթացքում և հաշվարկվում է վճարման ենթակա ամսական հավասար վճարների հանրագումարը նվազեցնելով դրամական աջակցության փաստացի վճարված գումարների, պետական բյուջեից վճարված գումարների (կենսաթոշակի և պարգևավճարի) հանրագումարով։

379