«Գազպրոմը» հերթական անգամ պարտվեց դատարանում․ Դատարանը թույլ չտվեց «Գազպրոմին» «սղցնել» հերթական ապօրինությունը․
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հերթական վճիռն է հրապարակել ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ, արձանագրելով, որ ռուսական ընկերությունը մեղմ ասած՝ ոչ բարեխիղճ է։ Դատավոր Դանիել Մխեյանն իր դատական որոշմամբ արձանագրել է այն աղաղակող անօրինությունները, որոնց մասին մամուլը տարիներ շարունակ գրում է։
Մենք բազմիցս անդրադարձել ենք փաստերին, որ Հայաստանը կեղեքող այդ կառույցն ու դրա տերերը փորձում են ապօրինի և հակամրցակցային քայլերով մսխել քաղաքացիների վճարած միլիոնավոր դոլարները։
Սույն գործով «ՄՏԿ» ընկերությունը պահանջել էր անվավեր ճանաչել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարիքների համար «մեկուսիչ նյութերի» ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից հայտարարված №125/GArm/24_4.3_066/29.03.24 ծածկագրով մրցակցային ընտրության հրավերը:
Մասնավորապես, հրավերով պահանջվում էր, որ ապրանքը պետք է համապատասխանի «Գազպրոմ» ՀԲԸ-ի ստանդարտի (СТО Газпром 9.1-016-2012) 5.3-ից 6.6 կետերի պահանջներին, վերջին հաշվով հենց «Գազպրոմ» ՀԲԸ-ի համապատասխան ստանդարտին։
Հայցվորը (ՄՏԿ) հայտնել է, որ պահանջվող ապրանքի СТО Газпром 9.1-016-2012 ստանդարտ ունի միայն Ռուսական Դելան «АО Делан» (մտնում է ГК «Рускомпозит» խմբի մեջ) ընկերությունը։ Բացի СТО Газпром 9.1-016-2012 ստանդարտին համապատասխանության պահանջից, մրցույթի 4.1. հավելվածով սահմանված են հստակ վերոնշյալ ռուսական ընկերության տեխնիկական պայմանները, օրինակ՝ 2,5x2,5 մմ բջիջներից ցանցի պահանջը, որը միայն այս ընկերությունը ունի ու նմանատիպ այլ պահանջներ։
Փաստացիորեն, վերոհիշյալ պահանջներին իրենց համակցության մեջ համապատասխանում է բացառապես Ռուսական Դելան «АО Делан» (մտնում է ГК «Рускомпозит» խմբի մեջ) ընկերության արտադրանքը:
Նշվում է, որ «ՄՏԿ» ՓԲԸ-ն 2020թ.-ից մինչ օրս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին մատակարարել է արդեն ավելի քան 1850 տոննա հակակոռոզիոն մեկուսիչ նյութեր։ Մատակարարումներն իրականացվել են միայն այն բանից հետո, երբ իրականացվել են բոլոր անհրաժեշտ փորձարկումները և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բոլոր համապատասխան բաժինների կողմից ստացվել է
դրական եզրակացություն։
Անցած 3 տարիների ընթացքում, շահագործման ժամանակ, ոչ մի բացասական եզրակացություն չեն ստացել։ Ծածկագրով մրցակցային ընտրությանը ևս «ՄՏԿ» ՓԲԸ-ն ցանկություն
ունի մասնակցել և առաջարկել ավելի քան 600 մլն դրամ քիչ գին, քան սահմանված առավելագույն արժեքն է։ Հաղթելու դեպքում սա բավականաչափ մեծ խնայողություն կլինի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, ինչպես նաև կշահի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ավելի քան 600.000 բաժանորդ։ Սակայն նման խտրական հրավերի պայմաններում «ՄՏԿ» ՓԲԸ-ն փաստացիորեն զրկվում է տվյալ ընթացակարգին մասնակցելու հնարավորությունից: Դատարանն ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման։
Այսպիսով դատարանը վճռել է ՝ «ՄՏԿ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բավարարել։ Անվավեր ճանաչել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «մեկուսիչ նյութերի» ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից հատարարված թիվ 125/Garm/24_4.3_066/29.03.24 ծածկագրով մրցակցային ընտրության հրավերը։
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։