Ինչպես տեղյակ եք՝ Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վճիռ էր կայացրել, որով Հայաստանի քաղաքացիներին կեղեքող ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարտվել էր դատարանում «ՄՏԿ» ընկերությանը։
Մեկ այլ գործով «ՄՏԿ»-ն պահանջում է անվավեր ճանաչել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարիքների համար «մեկուսիչ նյութերի» ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից հայտարարված №125/GArm/24_4.3_066/29.03.24 ծածկագրով մրցակցային ընտրության հրավերը:
Datalex տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, իհարկե «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից, ինչը սովորաբար լինում է քրեական գործերի դեպքում, երբ հատկապես հույժ գաղտնի տեղեկատվություն կարող է լինել, ինչը, օրինակ կվնասի պետության կամ այլ կողմի օրինական շահերին։
Բայց այս դեպքում հասկանալի է, որ գործը դռնփակ քննելը բխում է բացառպես «Գազպրոմի» շահերից, որովհետև նիստի ընթացքում հրապարակվող տեղեկատվությունը հերթական անգամ վստահ ենք ի ցույց կդնի ռուսական այդ ընկերության ապօրինի և ՀՀ քաղաքացիների միջոցները մսխող գործունեության վերաբերյալ փաստեր, որովհետև այն կրկին մի մրցույթի մասին է, որտեղ ցանկացած միջամտություն ուղիղ վնաս է հասցնում մարդկանց գրպանին։
Ի դեպ՝ գործը առանց լուսաբանման քննելու միջնորդություն ներկայացրել է իրավաբան Արթուր Չիլինգարյանը, առարկելով, թե ԶԼՄ-ն իրեն անծանոթ է, և նա ու իր գործընկերները չեն ցանկանում նկարահանվել․ ու քանի որ լուսաբանելու համար օրենքը պահանջում է 2 կողմերի համաձայնությունը, նիստը այդպիսով չտեսաձայնագրվեց:
Ստացվում է՝ դատարանում «Գազպրոմի» ներկայացուցիչները վախենում են անգամ, որ իրենց դեմքը երևա, որովհետև ոչ թափանցիկ աշխատող ընկերությունը լավ գիտի, որ եթե հրապարակայնացվի այդ դատական նիստը, ապա հերթական անգամ խայտառակ են լինելու հանրության առաջ, ինչպես նախորդ դատական նիստերի ժամանակ, երբ պարզ էր դարձել, որ հաշվիչների ձեռքբերման գործընթացում բոլոր հնարավոր ու անհնար ապօրինություններն արվել են այդ գործընթացից «ՄՏԿ»-ին դուրս թողնելու ու իրենց հետ երկար տարիներ փոխկապակցված դուստր ընկերությանը մրցույթի հաղթող ճանաչելու համար։
Հիշեցնենք, որ ՄՏԿ ընկերության դեմ արշավը սկսվել է գնումների նախապատրաստման և անցկացման բաժնի պետ Անդրանիկ Խաչիկյանի և «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Աշոտ Հակոբյանի հրահանգներով։