Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանի պետականության կործանման դեմ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի առաջնորդած շարժումը, որն արդեն ընդունում է սեփական ձախողումը, ավելի սրեց առանց այդ էլ ոչ դրական դինամիկայի տակ գտնվող եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները։
Նա հիշեցնում է, որ 2018 թվականին՝ հեղափոխությունից հետո, կաթողիկոսին հեռացնելու շարժմանը իշխանությունը չաջակցեց՝ հնարավորություն տալով հոգևոր դասին վերադառնալ իր իսկական առաքելությանն ու մնալ հոգևոր ծառայության շրջանակներում, սակայն այժմ հանրությունը խիստ պահանջ է դրել, որ եկեղեցու քաղաքական առաջնորդ Գարեգին Երկրորդը պետք է հեռանա։
«Գարեգին Երկրորդը փաստացի նախկին քրեաօլիգարխիկ իշխանության շարունակությունն է։ Սա է պատճառը, որ 20 տարվա ընթացքում երկրում կատարվող ապօրինություններին եկեղեցուց որևէ արձագանք չի եղել, իսկ 2020 թվականից հետո հոգևոր դասը ավելի հաճախ ներգրավվել է իշխանությունների դեմ իրականացվող հավաքներին և Կառավարությանը հարվածող հայտարարություններին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Ամփոփելով Գալստանյանի ղեկավարած շարժման ընթացքը՝ քաղաքագետն ասում է՝ կարելի է արձանագրել, որ այս ամենի արդյունքում եկեղեցու հետ կապված ապացուցվեց երկու հիմնական փաստ․ «Նախ այն, որ կառույցը ենթակա է սոցիալական բարեփոխումների, սա այլևս հանրային պահանջ է։ Երկրորդը՝ կաթողիկոսի և եկեղեցու հոգևոր դասի հեղինակությունը բացակայում է հասարակության շրջանում։ Դրա վառ ապացույցը մայիս ամսին կաթողիկոսի հետ Սարդարապատում տեղի ունեցած դեպքն էր, որը մարդիկ ողջույնով ընդունեցին և քննադատելու փոխարեն ճիշտ համարեցին»։
Առաքելյանը նկատում է, որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ եկեղեցին գործել է պետության դեմ, և այդ ժամանակահատվածում հայ ժողովուրդը կորցրել է իր պետականությունը: Այժմ պետք է վերջ դրվի հարյուրամյակներով շարունակվող եկեղեցի-պետություն հակամարտությանը։ Վերջինս դրա համար ճիշտ քայլ է համարում այն, որ պետությունը համապատասխան օրենսդրական մակարդակում արգելի հոգևոր դասին միջամտել երկրի գործերին՝ միաժամանակ պարզելով, թե հատկապես որ երկրին են ակտիվ ծառայում հայ հոգևորականների որոշ մասը։
Հարցադրմանը՝ արդյոք շարժման ձախողումից և տեղի ունեցած իրադարձություններից հետո կաթողիկոսը անձամբ կարո՞ղ է որոշում կայացնել հեռանալու վերաբերյալ, զրուցակիցն ասում է․ «Ամեն դեպքում այն, որ նա հասարակության շրջանում վստահություն ու հեղինակություն այլևս չի վայելում՝ որպես հոգևոր առաջնորդ, պետք է նրա մոտ հետևությունների տեղիք տա, որ պետք է հեռանա, բայց չեմ կարծում, որ կգնա իր կամքով։ Եկեղեցու բարեփոխումները կարող են լինել անհատական, պետական ու քաղաքացիական մակարդակում։ Կարևոր է, որ հետագա գործընթացների միջոցով ժողովուրդը տեղյակ լինի, թե ինչպես է ընտրվում իր հոգևոր առաջնորդը, քանի որ 1999 թվականին այդպես էլ անհասկանալի մնաց Գարեգին Երկրորդի ընտրությունը։ Ինչպես պետությունը, այնպես էլ եկեղեցին ստեղծել է ժողովուրդը, և նա է դրա տերը, ոչ մի անհատի սեփականություն չէ այն»։