ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 24-ին ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Խոսե Ռիկարդո Գայարդո Կարդոնայի գլխավորած պատվիրակությանը։

«Համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության և, հատկապես տեխնոլոգիաների ոլորտում կարող է նպաստել Հայաստանի և Մեքսիկայի միջև առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը»,- ընդունելով հյուրերին ասել է նախարարը:

«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Մեքսիկայի հետ 2023 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 2.3 մլն ԱՄՆ դոլար, և իմ կարծիքով, առկա է չօգտագործված ներուժ, որն անհրաժեշտ է ուսումնասիրել և իրացնել»,- նշել է Գևորգ Պապոյանը:

Երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ոլորտների թվում նախարարը մատնանշել է, մասնավորապես՝ հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտները։

Նախարարը հյուրերին ներկայացրել է երկրի ներդրումային միջավայրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

348