Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ, այն  բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ծովի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում՝ Փարիզի կողմից Երևանին մատակարարվող զենքի պատճառով: Այս մասին գրում է Bloomberg-ը։ 

Ըստ հոդվածագրի՝ Բաքվի և Փարիզի միջև առճակատումն, ըստ երևույթին, ավելի կվատթարանա, քանի որ Ֆրանսիան, որտեղ կա մեծաթիվ հայկական սփյուռք, զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրել Երևանի հետ: Ակնկալվում է, որ Փարիզը կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նշանակված արտահերթ ընտրությունների արդյունքներից։ Անշուշտ, Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի մատակարարման վրա, այդ թվում՝ օտար ուժերի կողմից, ինչպիսիք են Թուրքիան, Իսրայելը և Ռուսաստանը: Դա օգնել է նրան 2020 թվականից ի վեր երկու պատերազմ վարել Արցախի դեմ։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ֆրանսիացի փորձագետ Ֆուկ Վին Նգուենը, Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում դադարացնել էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ պայմանավորված երկրում քաղբանտարկյալների առկայությամբ և մարդու իրավունքների խախտումներով։ «Գոյություն ունի աշխարհաքաղաքական հարթություն։ Չի կարելի փակել աչքերն այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այնտեղ»,- նշել է փորձագետը՝ մատնանշելով Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և մարդու իրավունքների խախտումները։

Ֆրանսիայի տեսակետին ծանոթ պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն բացասաբար են ազդում Ֆրանսիայի վրա։ «Ադրբեջանցիները փորձում են ստիպել Ֆրանսիային հրաժարվել կամ նվազեցնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը»,- հայտարարել է պաշտոնյան, որը հարցի զգայունության պատճառով խոսել է անանունության պայմանով։

«Ադրբեջանը վրդովված է, որ Հայաստանը զենք է ստացել Ֆրանսիայից և կտրուկ արձագանքել է դրան»,- ասում է Բեռլինի Կարնեգի ռուսական և եվրասիական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը։

Բաքվի և Փարիզի միջև վեճն իր գագաթնակետին է հասել Նոր Կալեդոնիայում:

 

261