Մերձավան համայնքի նախկին ղեկավար Լևոն Գրիգորյանի հետ կապված գործը Հակակոռուպցիոն դատարանում է՝ վկաների հարցաքննության փուլում:

Այս մասին Araratnews-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ շուտով հասնելու է ամբաստանյալների հարցաքննության փուլը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 1996 թվականից Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Գրիգորյանը 2007-2008 թվականների ընթացքում իր ստորագրությամբ հաստատված՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց տրամադրել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր վերջիններիս անունով շրջխորհրդի գործկոմի՝ իրականում գոյություն չունեցող որոշման հիման վրա համայնքում գրանցված են տարբեր չափերի հողամասեր՝ այդ կերպ համայնքին պատճառելով 8 միլիոն 613 հազար ՀՀ դրամ գումարի վնաս և անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Իրավապահները պնդում են, որ հիշյալ անձինք քաղվածքների հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեում նշված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Կեղծ քաղվածքներն օգտագործած վերոհիշյալ անձինք դիմումներ են ներկայացրել նախաքննական մարմնին այն մասին, որ համաձայն են և չեն առարկում իրենց նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն, բացառությամբ մեկի, ում վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը):

664