
Վանաձորի քիմպրոմ գործարանի պայթունավտանգ լինելն արդեն մի քանի օր է՝ քննարկվում է:
Մտավախություն կա, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը՝ 2750 տոննա ամոնիակի սելիտրան, կտեսնենք նաև քիմպրոմում:
Araratnews.am-ը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին հարցրեց՝ արդյոք անհանգստանալու կարիք կա: «Որեւէ մեկը կոմպետենտ անձանցից ստույգ տեղեկություն չունի գործարանի քիմպրոմի ամոնիակի քանակի վերաբերյալ: Ենթադրում են՝ կա 2 պահեստարան 60 տոննանոց ամոնիակ: Բայց չափիչ սարքերը չեն աշխատում, հետևաբար ոչ ոք չգիտի պարունակությունը»,- ասաց քաղաքապետը:
Քաղաքապետը հիշեցնում է՝ ամոնիակը տաքացման հետեւանքով կարող է գոլորշիանալ ու վտանգավոր լինել:
Արտակարգ իրավիճակների մասնագետները (ԱԻՆ) եղել են գործարանում, բայց քաղաքապետի կարծիքով՝ կարիք կա այլ մասնագետների:
Քաղաքապետը կարծում է՝ գործարանի պայթունավտանգ լինելը խոսակցություն է: «Զգուշությունը լավ բան է: Օր առաջ պետք է խնդիրը լուծել: Բայց որ ասեմ՝ վառոդի տակառի վրա ենք, չափազանցված է»,- կարծում է պաշտոնյան:
Լուծումը, ըստ Մամիկոն Ասլանյանի, այն է, որ ամոնիակը պետք է տեղափոխվի անվտանգ վայր, քիչ քանակով օդ բաց թողնվի, ինչպես անում էին ԽՍՀՄ տարիներին, չնայած Հայաստանում ամոնիակ տեղափոխող շատ մեքենաներ չկան:
Հիշեցնենք՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն լուծարվել է: Գործարանի մի մասը մասնավոր է, մի մասը բանկում է գրավադրված:
Դեռ 2012 թ-ի հունվարի 12-ին, առավոտյան ժամը 09:40-ին, «Վանաձոր Քիմպրոմ»-ի գազի արտադրամասում ամոնիակի տարայի պայթյունի հետևանքով արտադրամասի ապարատավար, 1990 թ. ծնված Դ. Ասատրյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել էր, եւս 3 աշատակից տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սոնա Դավթյան