Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է նոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) փորձարկման մասին։ Ըստ ԿԺԴՀ-ի պետական լրատվամիջոցների՝ նոր հրթիռային կայանքն ունի 240 մմ տրամաչափ և հանդերձված է կառավարման նոր համակարգով: Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:
Օրերս Փհենյանը հաղորդել էր նոր կամիկաձե անօդաչուի փորձարկման մասին։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ մտադիր է ուշադիր հետևել հյուսիսկորեական նոր ԱԹՍ-ների մշակման ծրագրին:
Միջազգայնորեն մեկուսացված Հյուսիսային Կորեան վերջերս ընդլայնել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։ Դիտորդները չեն բացառում, որ ԿԺԴՀ-ն հրետանի և թևավոր հրթիռներ է փորձարկում՝ նպատակ ունենալով դրանք հետագայում ուղարկել Ռուսաստան` Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան մեղադրում են ԿԺԴՀ-ին Ռուսաստանին զինամթերք և հրթիռներ մատակարարելու մեջ։ Փհենյանը հերքում է այդ մեղադրանքները՝ դրանք համարելով անհեթեթ։
Հյուսիսային և Հարավային Կորեաների հարաբերությունները ներկայում խորը ճգնաժամի մեջ են։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է զենքի նոր տեսակների, այդ թվում՝ մարտավարական միջուկային զենքի մշակումը խթանելու մասին։ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն իրենց հերթին ընդլայնել են համագործակցությունը պաշտպանության ոլորտում։