Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի «Եռաբլուր» այցելությունը պղծություն և անարգանք է համարում այնտեղ հուղարկավորված զոհերի հիշատակի հանդեպ:
Վերջինս կարծում է, որ Շահրամանյանի և «ղարաբաղյանի կլանի» գործունեությունը ուղղված է եղել Հայաստանում պետականության չեզոքացմանը՝ հակառակ Շահրամանյանի այն պնդումների, թե ԼՂ լուծարման փաստաթուղթը ստորագրել են, քանի որ իրենց համար առաջնահերթություն է եղել ՀՀ անվտանգությունը:
«Շահրամանյանը, որը պալատական հեղաշրջման արդյունքում ղեկավարել է Արցախը, իրավունք չունի խոսել անկախության և ինքնիշխանության մասին, քանի որ իր ստորագրությունն է դրված այն փաստաթղթի տակ, որով լուծարվել է Արցախը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Առաքելյանը:
Անդրադառնալով Շահրամանյանի մեկ այլ հայտարարությանը, թե ԼՂ-ի վերաբերյալ փաստաթուղթը, որը ստորագրվել է, հակասահմանադրական է եղել և իրավական ուժ չունի՝ զրուցակիցն ասում է՝ այն, ինչ ստորագրել է Շահրամանյանը, դրա բոլոր կետերն իրացվել են, և, փաստացի, դրա հիման վրա է, որ այսօր Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի: Ըստ Առաքելյանի՝ այդ փաստաթուղթը, բացի իրավական կարգավիճակից, ունի նաև քաղաքական կարգավիճակ:
«Եթե մարդն ընտրվել է երկրի նախագահ՝ փաստացի իմանալով ամբողջ սպառնալիքները, որոնք այդ պահին առկա են, վերցրել է պատասխանատվություն, հետո գնացել է նման փաստաթղթի ստորագրման, կարծում եմ՝ արել է գիտակցաբար, և այստեղ որևէ արդարացում չկա: Կամ եթե նույնիսկ այդ փաստաթուղթը իրավական չէ, ապա պետք է այդ մասին գոնե քաղաքական հայտարարություն արվեր ԼՂ ԱԺ մակարդակով, ինչը տեղի չի ունեցել, և դրանք սին արդարացումներ են: Ավելին՝ Շահրամանյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի մեջ իր մասնակցությամբ ներառել է նաև Հայաստանի մասին դրույթ. այնտեղ կետ կա ՀՀ զինված ուժերի մասին: Սա ես համարում եմ դավաճանական քայլ, քանի որ այդ դրույթը հետագայում Ադրբեջանն օգտագործելու է ՀՀ-ի դեմ միջազգային ատյաններում»,- կարծում է նա:
Էդգար Առաքելյանի համոզմամբ՝ Շահրամանյանը և ԼՂ նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչներ քաղաքականությունից, միջազգային հարաբերություններից բացարձակ չհասկացող անձնավորություններ են:
«Եվ այդ Շահրամանյան նախագահը, որն այսօր հոխորտում է, թե Արցախը հետ կբերեն, հենց Արցախում չկարողացավ պահպանել Արցախը, ընդհակառակը՝ նպաստեց դրա կորստին, հայաթափմանը և էթնիկ զտմանը, իսկ ինքը շատ ապահով կարողացավ գալ ՀՀ՝ ի տարբերություն Արցախի մյուս նախկին նախագահների, որոնք առաջին արցախյան պատերազմում ունեցել են որոշակի դերակատարում: Այստեղ էլ են հարցեր առաջանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ բոլորին ձերբակալեցին, բայց Շահրամանյանին ուղղաթիռով հասցրին Հայաստան: Ընդհանրապես Շահրամանյանի հետագիծը Արցախի պատմության վերջին ժամանակահատվածում բավականին կասկածներ է հարուցում, և կան շատ հարցեր, որոնք պետք է բարձրաձայնել, և կարծում եմ՝ այդ հարցերին նաև պետք է տրվեն քրեաիրավական գնահատականներ: Այսօր Շահրամանյանը և «շահրամանյանները» ոչ թե պետք է գնային «Եռաբլուր», այլ համապատասխան վայրերում ցուցմունք տային, թե ինչպես ստացվեց, որ այդպես եղավ»,- ասում է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին ուղղված՝ ԼՂ նախկին ղեկավարության ամենատարբեր պահանջներին՝ արցախահայության վերադարձի, վերադարձի հարցի միջազգայնացման առումով, Առաքելյանը կարծում է, որ դրանք իրականում միտված են Հայաստանին հերթական բախման մեջ ներքաշելուն: