Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առաջարկվում է համապարփակ կարգավորման ենթարկել պետությունների միջև քրեական վարույթներով միջազգային համագործակցությունը: Այդ մասին «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ի նիստին առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ գործող Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան գլուխներում չկան հանձնումներին (էքստրադիցիա), դատապարտյալների փոխանցմանը, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատված անձանց՝ օտարերկրյա պետությունից ՀՀ տեղափոխելուն և հսկողություն իրականացնելուն առնչվող կարգավորումներ:
«Այն բոլոր խնդիրները, որոնք ներկայիս օրենսդրությամբ կարգավորված չէին, այս օրենքը համապարփակ կերպով իր մեջ ընդգրկում է»,- ասաց Արմենուհի Հարությունյանը:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը, անդրադառնալով նախագծին, նկատեց՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ժամանակ առ ժամանակ հայտարարություն է տարածում ապօրինի բռնագանձման օրենքի շրջանակում հարուցված վարույթների մասին, և որ այդ վարույթների շրջանակում են նաև խոսվում ՀՀ-ից դուրս գտնվող, հետախուզման մեջ գտնվող անձանց վերադարձի մասին խնդիրները. «Վստահ եմ՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքն օգնելու է իրավապահ համակարգի մեր գործընկերներին, որպեսզի կարողանան այդ բոլոր վարույթները հասցնեն ճիշտ հանգրվանին»: