Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի հյուրընկալող երկիրն է։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում անցկացվելիք ACE Armenia ծրագիրը կմիավորի հեղինակավոր բարձրաստիճան պետական պաշտոնյաներին, բիզնես առաջնորդներին, քաղաքականություն մշակողներին և ձեռներեցներին Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ երկրներից:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության աջակցությամբ և Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ծառայելով որպես տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հարթակ:
ACE Armenia ծրագրի նպատակն է դյուրացնել երկխոսությունը և համագործակցությունը մասնակից երկրների ու Հայաստանի միջև՝ կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կայուն գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, ՍԹԵՄ կրթությունը և գինեգործությունը:
Միջոցառման ընթացքում նախատեսվում են պանելային քննարկումներ, ինչպես նաև այցելություններ տարբեր կազմակերպություններ: Մեկ շաբաթվա ընթացքում արծարծվելու են կենսունակ նորարարական էկոհամակարգերին, տեխնոլոգիական առաջընթացին, գյուղատնտեսական արդի համակարգերին և մշակութային ժառանգությանն առնչվող թեմաներ: Ծրագիրը կընդգծի Հայաստանի՝ որպես տարածաշրջանում տեխնոլոգիաների, ստեղծարարության և ձեռներեցության կենտրոնի դերը: