Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաչագան Ա. Սարգսյանի, Հեղինե Խաչատրյանի, Ելենա Ջիլավյանի, Սուսաննա Գրիգորյանի, Նունե Սարուխանյանի, Քնարիկ Գալստյանի հեղինակած ՄԱՅՐԵՆԻ 3 դասագրքի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել:
Եվ ի՞նչն է խնդիրը: Հեղինակների ներկայացրած, փորձաքննություն անցած և հաստատված գրքի կազմերը տպագրվել են աղավաղումներով, որի հետևանքով կազմերից մեկի դարձերեսին այրվում է պետական խորհրդանիշ դրոշը, մյուս կազմի դարձերեսին այդ դրոշը նետված է և տրորվում է փղի ոտքերի տակ:
Ինչպե՞ս է դա կատարվել, մեզ համար պարզ չէ: Բայց մեզ համար մի բան պարզ է, որ դա առիթ դարձավ դասագրքաստեղծման ընթացքն ընդհանրապես և մեր հեղինակային խմբին վարկաբեկելու, դասագիրքը նսեմացնելու, դասագրքի շուրջ անառողջ, անհիմն քննադատական շիլաշփոթ ստեղծելու նպատակով:
Միջնադարյան ինկվիզիտորները և սովետական կգբեշնիկները գլուխները պատով կտային, եթե տեսնեին այսօրվա վայրահաչողների, ձվի մեջ մազ փնտրողների, ստոր եզրակացություններ անողների, տգետ մեղադրանքներ բստրողների բարբաջանքները:
Մի քանի խոսքով ներկայացնեմ դասագրքերի համար ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթների մասին:
Մրցույթը հայտարարելուց հետո դասագրքաստեղծ խմբերն ու հրատարակչությունները ներկայացնում են իրենց ստեղծած դասագրքերի թե՛ տպագրված (11 օրինակ), թե՛ էլեկտրոնային տարբերակները:
Դրանից հետո նախարարության հատուկ հանձնաժողովները քննարկում են դասագրքերը, դիտարկումներ անում: Դիտարկումները ներկայացվում են խմբերին և հրատարակչություններին: Մրցույթում հաղթած դասագրքերի հեղինակները դիտարկումների հիման վրա կատարում են շտկումներ և դասագրքերը նորից ներկայացնում ԿԳՄՍ նախարարություն:
Դրանից հետո նախարարությունը մրցույթ է հայտարարում հաղթած դասագրքերը տպագրելու համար: Հենց տպարաններն էլ դպրոցներ են առաքում իրենց տպագրած դասագրքերը:
Այստեղ հեղինակները ոչ մի կապ չունեն այդ մրցույթի և տպագրման հետ: Տպարանները իրավունք չունեն որևէ փոփոխություն մտցնելու հեղինակների ներկայացրած դասագրքերում: Քննարկման առարկա ՄԱՅՐԵՆԻ 3 դասագրքում, ինչպես նշեցինք, ցավոք, կոպիտ վրիպումներ կային տպարանի կողմից: Այդ վրիպումները ազդակ և հիմք ընդունելով, դրանց մեղքը բարդելով հեղինակների վրա, որոշակի շրջանակներ սկսեցին մի կազմակերպված արշավ մեր հեղինակած ՄԱՅՐԵՆԻ 3 դասագրքի, այնուհետև՝ ուսուցչության կողմից մեծ հավանության արժանացած ՄԱՅՐԵՆԻ 2 դասագրքի և հեղինակային խմբի ղեկավար Վաչագան Ա. Սարգսյանի վրա:
Ներկայացումն սկսեցին մի քանի փորձառու սադրիչներ, որոնց թակարդն ընկան բազմաթիվ միամիտներ և միամիտ թվացողներ: Զգացվեց, որ սադրիչները բավական լավ են պատրաստվել և մի երկու օրում նրանց թակարդն ընկան բազմաթիվ մարդիկ: Մեծ վարպետությամբ, ստով, կեղծիքով կառուցված թակարդում հայտնվածները սկսեցին հայհոյել, թքել-մրել, իրենց հասկացածի չափով քննադատել, չհասկացածի չափով հայրենասեր դառնալ ու առաջարկեցին վառել թե՛ գրքերը, թե՛ հեղինակներին:
Նախարարությունը չարձագանքեց մի քանի ամիս փորձաքննություն անցած ու իր հաստատած գրքի վերաբերյալ այս բանսարկություններին ու զրպարտանքներին: Գուցե և ճիշտը ինքն է՝ պետք չէ բանի տեղ դնել ամեն տկարամիտի ասած, սակայն զուտ մարդկայնորեն դժվար է չնեղսրտել, չվիրավորվել հայհոյանքների, ձեռառնոցիների, զրպարտությունների, տգետ, ծիծաղելի գնահատականների, ինքնահաստատման կատաղի մոլուցքի մեջ արած վայրահաչոցների հանցավոր առատությունից, որոնցից յուրաքանչյուրի համար կարելի է դատի տալ:
Հեղինակներին վառելու, փոշիացնելու պատճառները ներկայացնենք համառոտ:
1. Կազմերի վրա այրվում ու տրորվում է պետական խորհրդանիշ դրոշը:
Սա, ինչպես մանրամասն բացատրեցինք, հեղինակների հետ ոչ մի առնչություն չունի:
2. Խորամանկորեն ներկայացվում է մեկ էջ ԽԱՂԱՑԱՆՑԸ վեց էջանոց հեքիաթային պատմությունից: Այդ էջում նկարագրվում է իր պարտականությունների դիմաց ԱՅՖՈՆ -25 հեռախոս ունենալու երեխայի միամիտ խանդավառությունը: Հաջորդ էջում արդեն ներկայացվում են դրա հետևանքները և այն, թե ինչպես է Տիգրանը հաղթահարում այդ փորձությունը: Բնականաբար այս մասին սադրիչները լռում են:
Նշենք նաև, որ նույն գրքի ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՎ պատմության մեջ գլխավոր հերոս Արեգը կարողանում է մեծ ջանքերի շնորհիվ երեխաներին ազատել հեռախոսներից ունեցած կախվածությունից:
Այս թեման դասագրքերում ներկայացված է բազմաթիվ հետաքրքրաշարժ միջոցներով:
3. Մի ճարպիկ ՊԱՐՏԱՇԵՆ բառի մեջ տեսել է ՊԱՐՏՎԵԼ բառը և մյուսների բերանը գցել դա: Նա բոցաշունչ ճառ է գրել ՀԱՂԹԱՇԵՆ կառուցելու և հեղինակներին փոշիացնելու մասին:
Իրականում այս զավեշտը չէր լինի, եթե կազմակերպված դավադրություն չլիներ մեր դեմ: Ինչո՞ւ չէր լինի: Որովհետև իրեն քիչ թե շատ հարգող մարդը որևէ բան հանրայնացնելուց առաջ կկարդար, կուսումնասիրեր նյութը, նոր կգրեր: Ինչևէ՝ իրենց մուրը իրենց գլուխ:
Բանն այն է, որ գետի աջ ու ձախ ափերին հեքիաթային Պարտակ և Իրավ եղբայրները քաղաքներ են կառուցում՝ ՊԱՐՏԱՇԵՆ ԵՎ ԻՐԱՎԱՇԵՆ: ՊԱՐՏԱԿԸ երեխայի ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ստեղծված անուն է, ԻՐԱՎԸ՝ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ: Այդ մասին մանրամասն գրված է դասագրքում:
4. Դասագրքում մի անուշ խնդուկ է ներկայացված դպրոցի տնօրենի մասին:
Ինչպե՜ս կարելի է: Չէ՞ որ տնօրենը սուրբ է, հաց չի ուտում նույնիսկ: Իսկ որ տնօրենը ներկայացվում է մարդկայնորեն, հարազատի նման, դա արդեն հանցանք է: Մի կին, երևի ատամնատեխնիկ, ծվծվում էր, որ իր երեխան էլ դպրոց չի գնա, որ ինքը այս պղծությունը ներել չի կարող:
5. Ամենազավեշտալին դռներից մեկի վրա նկարված ՁԵՌՔՍԵՂՄՈՒՄ պայմանանշանի մասին աշխարհասասան, խոր վերլուծություններն են: Այդ պայմանանշանը ես ստեղծել եմ մոտ 30 տարի առաջ: Դա կա իմ ստեղծած և մեկ միլիոն տպաքանակով տպագրված ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ բազմաթիվ էջերում: Բայց մարդիկ կան, որ դրա մեջ թուրքական ինչ-որ խորհրդանշան են տեսնում. պարզապես ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:
6. «Ի՞նչ կապ կա այրվող դռան, թիթեռի, երեխայի, աղվեսի, դռներից մեկի վրա գրված մեր սուրբ տառերի միջև» հեծկլտում է մեկը և ավելացնում, որ ինքը այդ տառերով կարդում է ԹՈՒՐԱՆ բառը: Է՜, մենք ի՞նչ անենք, որ դու կարդում ես այն, ինչ ուզում ես կարդալ, ինչ սիրտդ է թելադրում: Լավ կլիներ պատմությունը կարդայիր և կհասկանայիր, կամ՝ ոչ, որ դռան վրա երեխան պետք է կարդա ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ բառը, որպեսզի դուռը բացվի:
7. Մնացածը ևս անհասցե, կոնկրետությունից զուրկ, ընդհանրահայհոյական, բամբասասիրական անպատկառ քֆուրներ են: Իսկ մենք գիտենք ժողովրդական առածը՝ ԲԵՐՆԵԴ ԵԼՆԻ, ԼՑՎԻ ԾՈՑԴ:
8. Այս ամենի պատճառը, կարծում եմ, մեր դասագրքերում ՀԱՅՐԵՆԻՔԻ ներկայությունն է, որից փրփրել են որոշակի խավի մարդիկ և անորոշ խավի մարդիկ:
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ
Գրող, թարգմանիչ, մանկավարժ, հրատարակիչ, խմբագիր