Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն: Այս մասին տեղեկացրել է դեսպանությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր ասամբելայի և Սենատորների պալատի նախագահ Կարոլինա Կոսսեն, Գերագույն դատարանի նախագահ Ջոն Պերես Բրիգնանին, Ազգային փոստի նախագահ Գաբրիել Բոնֆրիսկոն, գործադիր և օրենսդիր մարմինների անդամներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Դեսպան Մարիամ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ Անկախության տոնի խորհրդին՝ ընդգծելով, որ 34 տարի առաջ հայ ժողովուրդն իրականացրեց ազատ և ինքնիշխան ապրելու իր երազանքը: Ընդգծելով հայ-ուրուգվայական հարաբերությունների գերազանց մակարդակը և երկու ժողովուրդների միջև անխախտ բարեկամությունը՝ ՀՀ դեսպանը կարևորեց վերջին տարիներին տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ձեռքբերումները, բարձրաստիճան փոխայցելությունները:

Դեսպան Գևորգյանը նաև ներկայացրեց օգոստոսի 8-ին ՎաշինգտոնումՀայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման գործընթացին:

Ամփոփելով ելույթը՝ դեսպան Գևորգյանը գովասանքի և երախտիքի խոսքեր հղեց ուրուգվայահայ համայնքին՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Միջոցառմանը պարային կատարումներով հանդես եկան «Շիրազ» և «Գայանե» պարային համույթները:

ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի արտոնմամբ՝ միջոցառման ընթացքում Սահմանադրության հրապարակը լուսավորվել էր Հայաստանի դրոշի գույներով»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:

140