Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք խորհրդարանական լսումներ ենք անցկացրել այս թեմայով հանրության կարծիքը լսելու համար, մեր գործընկերները օգտվում են այն գործիքակազմից, որը մեր օրենսդրությունն է տալիս՝ թող ստորագրահավաքը տեղի ունենա: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին միանալու համար հանրաքվե անցկացնելու նպատակով ստորագրահավաքի իրականացմանը և թե նախագիծն ԱԺ մտնելու դեպքում ինչ դիրքորոշում կհայտնի իշխող մեծամասնությունը։
«Մենք խոսել ենք մեր եվրոպական ձգտումների մասին շատ կոնկրետ և մենք մեր գործընկերների հետ շատ կոնկրետ շարունակում ենք այս խոսակցությունը, բայց մենք ելնում ենք իրողություններից և օբյեկտիվ իրականությունից: ԵՄ-ին անդամակցելը շատ կոնկրետ գործընթացներ և շատ երկար ժամանակ է ենթադրում»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նաև հավելեց, որ հանրությունն էլ իր սպասումներում պետք է զուսպ լինի․ «Պետք է մի քիչ զուսպ լինենք ակնկալիքների առումով։ Պատմականորեն ԵՄ-ին անդամակցելու հարցում հանրաքվեն միշտ ամենավերջին քայլն է, ոչ թե ամենաառաջին, որովհետև կարող է հանրաքվե անես, պարզվի, որ ոչ ոք քեզ ԵՄ-ում չի սպասում»։