Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, հայերիս համար այս պատմական օրը, Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքում՝ որը տարիներ շարունակ համարվում է Թալինի քույր քաղաքը, Թերիս հրապարակի կենտրոնում տեղի ունեցավ ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը՝ ի նշանավորում սիրելի հայի 100 ամյակի։

Ամիսներ շարունակ Թալինի համայնքապետարանի կողմից նախաձեռնվել, այնուհետև հայրենի հողում՝ Հայաստանում, պատրաստվել է Ազնավուրի արձանը։ Թալինի համայնքապետարանի և Բուրգ-լե-Վալանսի համագործակցության արդյունքում արձանը տեղադրվել է Թերիս հրապարակի կենտրոնում՝ որպես ընդգծում երկու քաղաքների բարեկամական կապի և Շառլ Ազնավուրի՝ հայերին, ֆրանսիացիներին ու ողջ աշխարհին թողած հարուստ մշակութային ժառանգության հավերժացում։

Այսօր մենք հնարավորություն ունեցանք ևս մեկ անգամ ընդգծելու ոչ միայն վաստակավոր հայի՝ Ազնավուրի կարևորությունը մեր ու աշխարհի համար, այլ նաև ցույց տալու աշխարհին, որ հայը՝ իր երկրի անկախության օրը նշում է նաև երկրի սահմաններից դուրս՝ պատմելով մարդկությանը իր մասին, հիշեցնելով, որ մենք կանք, ապրում ենք ու դեռ շատ անելիքներ ունենք հիմա և ապագայում։

Արձանի ստեղծման և Ֆրանսիայում վեր խոյացման գաղափարը, այնուհետև պատրաստման ողջ ընթացքը կազմակերպելը Թալինի համայնքապետարանինն է, ի դեմս համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի։

Արձանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցեց գրող, դերասան և երաժիշտ, մեծանուն Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, Լիոնում ՀՀ գլխավոր Հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ի դեմս քաղաքապետ Մարլեն Մուղիեի, Թալին համայնքի պատվիրակությունը՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի, հրավիրյալ հայեր՝ ֆրանսիայի և Եվրոպայի տարբեր անկյուններից, հայ համայնքի անդամներ, Բուրգ-լե-Վալանսի բնակիչներ, հյուրեր։

Ելույթներով հանդես եկան և այս հրաշալի օրվա առթիվ շնորհավորական ու հպարտանքի խոսքեր հղեցին Ազնավուրի որդին` Միշա Ազնավուրը, Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուղիեն, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Լիոնում ՀՀ գլխավոր Հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Երևանի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը:

«Երբ ինձ հարցնում են ինչ եք զգում Շառլ Ազնավուրի որդին լինելով, պատասխանում եմ որ նա պարզապես իմ հայրն է: Շատ հուզված և շնորհակալ եմ այս օրվա համար»: - իր ելույթում նշեց շանսոնիեի որդի Միշա Ազնավուրը:

Տավրոս Սափեյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին` ջերմ ընդունելության համար, նշեց`-«Շառլ Ազնավուրի, և մեր մնացյալ հերոսների համար մեր արածը շատ քիչ է: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությանն Անկախության օրվա առթիվ»

Արձանի բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվեց գեղեցիկ միջոցառմամբ, ելույթով հանդես եկավ Թալին համայնքի պատվիրակության հետ Ֆրանսիա այցելած տենոր, մենակատար Վաննո Թադեոն:

Այս պատմական օրը փաստարկն է Հայաստան-Ֆրանսիա, Թալին-Բուրգ լե Վալանս բարեկամական կապի և մեր հերոսների հավերժ մեծարման:

918