Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած՝ Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: 

Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, այլք: 

Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրաջասթի նախագահին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և նշել, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երկրորդ հանդիպումը վկայում է երկու գերատեսչությունների միջև արդյունավետ աշխատանքի և հետագա փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին: Այս համատեքստում հանրապետության գլխավոր դատախազը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, որը  սեպտեմբերի 10-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Համաձայնագիրը հնարավորություն է նախատեսում Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ: Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն: 

«Սա մեր հերթական քայլն է դեպի Եվրոպական միություն: Վստահ եմ, որ Համաձայնագիրը կնպաստի Եվրաջասթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությանը՝ կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման և մի շարք այլ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ այսօր ստորագրվող Աշխատանքային պայմանավորվածությունը Հայաստանին մեկ քայլով կմոտեցնի Համաձայնագրի դրույթների լիարժեք իրականացմանը: 

Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության համար և նշել. «Այսօր ստորագրվող Աշխատանքային պայմանավորվածությամբ Հայաստանին կտրվեն Եվրաջասթ մուտք գործելու «բանալիները»: Հայաստանը, որը մեր արժեքավոր գործընկերն է, Եվրաջասթին միանալու այս քայլով աշխարհին փոխանցում է շատ կարևոր հաղորդագրություն՝ ցույց տալով, որ հավատարիմ է օրենքի գերակայության սկզբունքներին»: 

Աննա Վարդապետյանը համագործակցությունը Համաձայնագրով հաստատելու հարցում բարձր է գնահատել Եվրոպական միության երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը և շնորհակալություն հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը:

225