Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարագա Սուրբ Խաչի տոնի նախօրեին՝ Սուրբ Գևորգ զորավարի հիշատակի օրը` սեպտեմբերի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կրկին տարածվել է նոր եփված անուշաբույ մյուռոնի հոտը: Շուրջ 180 լիտր տարողությամբ կաթսան՝  լցված ձիթենու յուղի, բալասանի, 40-ից ավելի հոտավետ ծաղիկների ու խունկերի, անուշահոտ բույսերի արմատների հեղուկներով, համեմված աղոթքներով ու մաղթանքներով՝ կրկին Մայր աթոռի բաց խորանում է։ 

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մյուռոնի տարբեր կաթսաներ են պահվում, բայց արդեն 129 տարի մյուռոնօրհնության համար օգտագործվում է 1895 թվականին պատրաստվածը, որում առաջին անգամ Սուրբ մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մայր Աթոռը մարդաշատ է, նշանակալի այս արարողությանը մասնակցելու են շտապել Հայաստանում և սփյուռքում տարբեր թեմերի  առաջնորդներ, քաղաքական նախկին ու ներկա գործիչներ, դեսպաններ, մշակութային, մարզական աշխարհի ներկայացուցիչներ, ուխտավորներ:

Մյուռոնօրհնության իրավունքը տրված է միայն Ամենայն հայոց կաթողիկոսներին: Մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ: Ժամանակագրության խախտման հարցում բացառություններ լինում են: Ի դեպ, պայմանավորված ժամանակագրությամբ՝ պատմության ընթացքում եղել են հայրապետներ, ովքեր այդպես էլ չեն հասցրել կատարել սրբազան այս արարողությունը: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ սա արդեն 4-րդ մյուռոնօրհնեքն է: Հատկանշական է, որ այս անգամ ընդմիջումը տևեց ուղիղ 9 տարի․ առաջին անգամ հետաձգվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի, երկրորդ անգամ՝ 2023 թվականի ԼՂ բնակչության բռնի տեղահանման պատճառով։ 

Վեհափառը, հոգևոր դասի ուղեկցությամբ, «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության և Մայր տաճարի զանգերի ղողանջների ներքո քայլեց դեպի բաց խորան։ Նրան ուղեկցող 12 բարձրաստիճան հոգևորականներն իրենց հետ բերեցին մյուռոնի օրհնության համար անհրաժեշտ 3 սրբությունները՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով Աշոտ Երկաթի խաչը, Սուրբ գեղարդը և Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը։

Ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգը սկսվեց տերունական «Հայր մեր»-ով։ Հանրությանն ուղղված իր խոսքը Հայոց հայրապետը սկսեց և ավարտեց Սրբալույս մյուռոնի օրհնության կանոնով՝ ով օծվի սրանով, երկյուղած պիտի դառնա Աստծուց և անվախ՝ թշնամուց։

«Թող Աստծո բարեգութ կամքով նորօրհնյալ Սրբալույս մյուռոնը երկնապարգև բարիքներ բերի մեր կյանքից ներս, հոգևոր ուժ ու վերհառնումի զորություն՝ պատերազմի արհավիրքներ ու կորուստներ կրած մեր ժողովրդին։  

Սրբալույս մյուռոնը դարեդար միմյանց է շաղկապել աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին, միավորել հայրենիքն ու սփյուռքը։ Սուրբ մյուռոնով մենք մեկ ազգ ենք և մեկ եկեղեցի։ 

Աշխարհն այսօր կրկին փոթորկված է հակամարտություններով ու հակառակություններով։ Մեր երկիրն ու ժողովուրդը նույնպես գտնվում են անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև։ Մենք հավատում ենք, որ աշխարհն անտարբեր չէ ցավի ու բռնության նկատմամբ, հավատում ենք, որ մարդկային սրտերում չեն ցամաքել սերն ու կարեկցանքը, արդարություն ու իրավունքի գերակայություն հաստատելու ձգտումը»,- իր խոսքում մասնավորապես նշեց Գարեգին Բ կաթողիկոսը՝ դիմելով միջազգային հանրությանը, քույր եկեղեցիներին, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու ԼՂ հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։ 

Վեհափառ հայրապետը նկատեց՝ բարդ իրավիճակի կարգավորման գործում հիմնական պարտավորությունը համախմբվածությունն է։ Նա կոչ արեց առավել ամրապնդել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության։ 

«Թող այս նոր մյուռոնը լինի հույսի և վերհառնումի մյուռոն: Թող Սուրբ hոգու շնորհով անվտանգ ու աներեր լինի մեր հայրենիքը, բարեզարդ՝ համայն մեր ժողովրդի կյանքը, պայծառ ու անսասան՝ Առաքելական մեր Սուրբ եկեղեցին։

Թող Սուրբ մյուռոնի կենարար լույսով հավերժաշող մնա Լուսավորչի կանթեղը հայոց աշխարհում այսօր և միշտ և հավիտյանս»,-եզրափակեց իր խոսքը Գարեգին Բ կաթողիկոսը։

Սկսած 1991 թվականից` մյուռոնօրհնեքի համար խորագիր ընտրելու ավանդույթ է ձևավորվել. 1991 թվականին օրհնված մյուռոնն անվանվել է  «Անկախության մյուռոն», 1996 -ինը` «Վերածնության մյուռոն», 2001-ի մյուռոնօրհնեքը կրում էր «1700 -ամյակի մյուռոն» անունը, 2015-ին թվականին օրհնվողը «Հաղթության մյուռոն»-ն էր։ 2024 թվականի մյուռօնօրհնեքի ու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին՝ Մայր տաճարի վերաօծման արարողությունները մեկ ընդհանուր խորագիր ունեն՝ «Դրոշմ ինքնության»: 

Մյուռոնօրհնությունից հետո՝ հատուկ արարողության ժամանակ, վեհափառը թեմակալ առաջնորդներին նվիրեց մյուռոնով լցված սափորներ ու սրվակներ։ Վերադառնալով իրենց թեմեր՝ նրանք նոր մյուռոնով ջրօրհնեք են կատարելու և  բաժանեն ժողովրդին, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան հաղորդվելու նոր օրհնված Սրբալույս յուղին։

 

531