Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկում է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը:

Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը 5 տարիների ընթացքում իր շուրջն է համախմբել հանրապետության ավելի քան 60 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 3000 սովորողների և մանկավարժների:

Մշակութային ապակենտրոնացման և տարածքային համաչափ զարգացման, արտադպրոցական ուսուցում իրականացնող հաստատությունների միջև կապեր ստեղծելու, ինչպես նաև համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման հարթակ տրամադրող ծրագրի աշնանային շրջափուլի մեկնարկը կտրվի Վանաձորում: Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցի պատվիրակությունը կհյուրընկալվի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում:

Համատեղ համերգային ծրագրից բացի՝ Երևանից ժամանած մասնագետները Վանաձորի երաժշտական և արվեստի դպրոցների սաների համար կիրականացնեն վարպետության դասեր, որից հետո Վանաձորի կերպարվեստի թանգարանում կկազմակերպվի ճանաչողական այցելություն Երևանից ժամանած երեխաների համար:

Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլի շրջանակում նախատեսված է 10 փոխայցելություն, որին կմասնակցեն Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սովորողներ և մանկավարժներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագիրն ունի նաև ճանաչողական բաղադրիչ. Երևանի և ՀՀ մարզերի երեխաները ստեղծագործական ծրագրերից բացի՝ այցելություններ են կատարում տեսարժան վայրեր, թանգարաններ: Մանկավարժների և ոլորտի պատասխանատուների համար ծրագիրը դարձել է փորձի փոխանակման, խորհրդատվության, ոլորտի հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու մշտառկա հարթակ:

155