Հրադադարի հաստատումից հետո, նոյեմբերի 22-ի դրությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը: Հաշվի առնելով բնակիչների վերադարձն ու բազմահարկերում նախորոք իրականացված ու շարունակվող ավտանգության միջոցառումները՝ հասցե առ հասցե վերականգնվում է բնական գազի մատակարարումը սպառողներին:

 

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

 

«Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի հավաստմամբ, այսօրերին հատկապես, ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ուժերի գերլարումով, վաղ առավոտից մինչ ուշ երեկո: Տեխնիկական ու մասնագիտական կազմը մայրաքաղաքում ու շրջաններում շարունակում են վթարավերականգնողական աշխատանքները՝ օր առաջ երկնագույն կրակը կրկին հասցնելու արցախցիների օջախներ:

 

Արդեն վերականգնվել է Չլդրան-Մարտակերտ բարձր ճնշման գազատարի Կաշենի մոտակայքում վթարված հատվածը, ինչի արդյունքում բնական գազը կրկին մատակարարվում է Մարտակերտ և շրջանի բնակավայրեր: Մարտունու և Մարտակերտի միջին և ցածր ճնշման գազատարներն են նորոգվում, որի ավարտին շրջկենտրոնների մի շարք թաղամասերում ու շենքերում խնդիրը հիմնավորապես կլուծվի: Մարտակերտում առաջնահերթ բավարարվել է հիվանդանոցի, հացի արտադրամասերի և բնակչության կարիքների տեսանկյունից առաջնահերթ համարվող տնտեսական գործունեություն իրականացնողների մատակարարման պահանջը: Իսկ Մարտունիում գազ է ստանում ավելի քան 500 բաժանորդ: Մյուս շրջաններում գազամատակարումը հիմնականում վերականգնված է:

58