
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին։ Նա նշեց, որ դա միջպետական պայմանագիր է, իսկ նման փաստաթղթերի վավերացման ընթացակարգերը երկու երկրներում տարբերվում են։
«Եթե ես ճիշտ եմ տիրապետում նրանց համապատասխան օրենսդրությանը, ապա իրենց պարագայում խորհրդարանի կողմից հաստատման անհրաժեշտություն չկա։ Կարծում եմ՝ ներպետական գործընթացները զուգահեռաբար գնում են և մեծ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Կոստանյանը։
Նա անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու է միայն Հայաստանը շահագրգռված խաղաղություն հաստատելու հարցում, ասաց. «ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև ժողովրդավարության համար Հարավային Կովկասում կայունությունը և խաղաղությունը շատ կարևոր դեր ունեն և ըստ այդմ մենք կառուցում ենք մեր քաղաքականությունները»:
ԱԳ փոխնախարարը նաև նշեց, որ էսկալացիաների վտանգը շարունակում է առկա մնալ, քանի դեռ երկու երկրների հարաբերությունների կարգավորման պայմանագիր չի կնքվել։ Հարցին՝ պայմանագիրը երաշխիք տալի՞ս է, որ պատերազմ չի լինի, նա պատասխանեց. «Դա հավելյալ մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»։