Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք կարծում ենք, որ իրավիճակը ապաէսկալացնելու անհրաժեշտություն կա, և այս կապակցությամբ ՀՀ-ն մի շարք առաջարկություններով է հանդես եկել, այդ թվում՝ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության վերաբերյալ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Ցավալիորեն, մինչ այս պահն ադրբեջանական կողմը դրանց որևէ պատասխան չի տվել, և մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, սակայն իրավիճակի առավել ամբողջական լուծումը, բնականաբար, երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքումն է»,- նշեց Կոստանյանը։ 

Փոխնախարարի խոսքով՝ մթնոլորտի վրա Ադրբեջանի կեղծ հայտարարությունները դրականորեն չեն ազդում։ «Այնուամենայնիվ, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ և այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»,- ասաց նա։

Արձագանքելով այն հարցին, թե արդյոք երրորդ երկրի մասնակցություն լինելո՞ւ է համաձայանգրի ստորագրման ժամանակ՝ Վահան Կոստանյանն ասաց. «Գիտեք, որ քննարկումները և բանակցությունները, ըստ էության, երկկողմ են ընթացել, այս պահին առավել մանրամասներ չկան, բնականաբար, երբ  լինեն նորություններ այս առումով, ԱԳՆ-ը և Կառավարությունը պատեհ պահին կտեղեկացնեն հանրությանը։

Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք քննարկել և գալ պայմանավորվածությունների՝ որտեղ և ինչ ժամկետներում ստորագրել։

ՀՀ-ի համար կարևորը այս համաձայնագրի ստորագրումն է։ Այս պահին որևէ առավելություն այս կամ այն մայրաքաղաքին չի տրվում։ ՀՀ-ի համար նախընտրելին ստորագրության սցենարն է, մնացած հարցերը քննարկելի են և երկրորդական»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ստորագրման հետաձգումը պայմանավորվա՞ծ է այն խնդրով, որ ադրբեջանական կողմը նոր պահանջներ է ներկայացրել, և հայկական կողմը դրանք չի ընդունում, Վահան Կոստանյանը պատասխանեց. 

«Ադրբեջանական կողմը հանրային կերպով է իր մեկնաբանություններով հանդես եկել, որոնց հանրահռչակմամբ զբաղվելու որևէ ցանկություն այս պահին բացարձակապես չունեմ։ Կարծում եմ, որ չկա որևէ խոչընդոտ հենց այս պահին ստորագրելու համար այս փաստաթուղթը, և պետք է վկայել, որ մեր բազմաթիվ գործընկերներ՝ միջազգային կազմակերպություններ, առանձին պետություններ, ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամ պետությունները, ԵՄ գրեթե բոլոր անդամ երկրները, այլ գործընկերներ Մերձավոր Արևելքից, Լատինական Ամերիկայից, կողմերին, ըստ էության, կոչ էին անում առանց որևէ հապաղման անցնել ստորագրման գործընթացին»։

266