
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կադրերը հրապարակված են, որ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների միջև։ Մեր գնահատականով հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել, և երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումները ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Լրագրողի այն հարցին, թե ոչ ֆորմալ հանդիպումը տեղի է ունեցել, երբ վարչապետը Ալիևին սուրճի սեղանի մոտ զրուցելու էր հրավիրում, նա պատասխանեց. «Սուրճի սեղանը չէ, որ կարևոր էր։ Կարևորն այն փաստն էր, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումները խաղաղության օրակարգի, խաղաղության պայմանագրի կնքման և առհասարակ խաղաղության գործընթացի առաջմղման ուղղությամբ»։
Վահան Կոստանյանը նաև ընդգծեց, որ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը մշտապես գտնվել և շարունակելու է գտնվել Հայաստանի օրակարգում։
«Մենք բազմիցս նշել ենք, որ մեր հայազգի ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդիրը մշտապես գտնվում է մեր օրակարգում, և մեր բոլոր հանդիպումներում այս հարցը տեղ է գտնում։ Բնականաբար, մեր միջոցառմանը մարդու իրավունքների ոլորտում բավականին հայտնի գործընկերներ կան, որոնք Երևան են ժամանել, և վստահաբար՝ խոսելով մարդու իրավունքների ոլորտի մասին, մենք չենք կարող չանդրադառնալ այդ թեմային։ Հակառակը՝ դա մեր առաջնահերթությունների թվում է։ Քանի դեռ մեր բոլոր համերկրացիները չեն վերադարձել ՀՀ՝ արդյունքներով բավարարված լինել չենք կարող», - եզրափակեց ԱԳ փոխնախարարը։