Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Զոոնոզ հիվանդություններից մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզը:

Բրուցելոզը զոոնոզ՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում հիմնականում հիվանդ կենդանուց ստացված և ջերմային մշակման չենթարկված կաթի/կաթնամթերքի միջոցով: ՀՀ առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ Հայաստանում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունը:

Ըստ այդ նույն տվյալների՝ 2024 թվականի ընթացքում բնակչության շրջանում բրուցելոզի առաջնակի հաստատված դեպքերի 70%-ի մոտ վարակը պայմանավորված է սննդային (տարբեր անհատներից գնված թարմ պանիր, ջերմային մշակման չենթարկված կաթ, ոչ լիարժեք թերմիկ մշակման ենթարկված միս), իսկ մնացած 30%-ի դեպքում՝ կոնտակտ-կենցաղային գործոններով։

Հիվանդության փոխանցման ռիսկերը նվազեցնելու նպատակով՝ ՍԱՏՄ-ից հորդորում են հետևել մի քանի կանոնի, որոնք կանխարգելիչ ազդեցություն ունեն:

«ՀԱՐԳԵԼԻ ՍՊԱՌՈՂՆԵՐ
Մի գնեք տնային պայմաններում ստացված կաթ/կաթնամթերք, իսկ եթե գնել եք, ապա մինչև կաթն օգտագործելը այն անպայման ենթարկեք ջերմային մշակման՝ եռացրեք (առնվազն 30 րոպե մինչև +600C կամ 5 րոպե +85-900C),
– հում միսը վերամշակեք համապատասխան ձեռնոցներով՝ հատկապես, եթե ձեռքի մաշկը վնասված է,
– գյուղատնտեսական մթերքի շուկաներում կենդանական ծագման մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը պարտադիր է, պահանջեք, որ ձեզ ցույց տան փորձաքննության եզրակացությունը:

ՀԱՐԳԵԼԻ ԱՆԱՍՆԱՏԵՐԵՐ
– Կենդանի ձեռք բերելու դեպքում՝ անհապաղ տեղեկացրեք անասնաբուժին և նվազագույնը 1 ամիս մեկուսացրեք կենդանուն:
– Եթե հետազոտությամբ կհաստատվի, որ կենդանին առողջ է, կարող եք խառնել հոտին, բրուցելոզ ախտորոշելու պարագայում՝ հիվանդ կենդանին պետք է անհապաղ ենթարկվի սպանդի,
– մի օգտագործեք հում կաթ և դրանից պատրաստված պանիր,
– եթե վնասված է ձեր ձեռքի մաշկը, մի կթեք կենդանուն, մի շփվեք կաթի, մսի և/կամ կենդանու պտղի ու պտղաջրերի հետ՝ վարակի փոխանցումը կանխելու նպատակով,
– ծնից, կթից հետո մաքրեք և ախտահանեք տարածքը,
– վիժումների դեպքում՝ անհապաղ տեղեկացրեք անասնաբույժին, մեկուսացրեք կենդանուն, հետազոտեք բրուցելոզի նկատմամբ և անմիջապես ախտահանեք տարածքը:

ՀԱՐԳԵԼԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐ
– Կաթնամթերքի և մսամթերքի մշակումն իրականացրեք պատշաճ ջերմային պայմաններում՝ խստորեն պահպանելով կենսաանվտանգության կանոնները,
– միսը/կաթը ընդունեք միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերով,
– ամեն օր մաքրեք և ախտահանեք աշխատավայրն ու սարքավորումները,
– Մարդկանց մոտ բրուցելոզ հիվանդության կլինիկական նշաններ (փոփոխական ջերմություն, առատ քրտնարտադրություն (հատկապես գիշերային ժամերին), մկանների, հոդերի կամ մեջքի ցավեր) ի հայտ գալու դեպքում անհապաղ տեղեկացրեք բժշկին, իսկ կենդանիների մոտ վիժումներ, ընկերքի պահում, էնդոմետրիտներ և կենդանիների վերարտադրական կարողությունների խանգարումներ ի հայտ գալու դեպքում՝ անասնաբույժին:

Այս պարզ կանոններին հետևելը ձեզ կպաշտպանի բրուզելոզով վարակվելու վտանգից:

Հարցերի կամ տեղեկատվություն փոխանցելու համար կարող եք զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին 118 շուրջօրյա անվճար հեռախոսահամարով»:

119