Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում 1 հեկտարից ստացվում է մոտ 400 հազար դրամի ցորեն, իսկ ծախսը 420 հազար դրամի է: Ստացում է, որ մարդուն պետք է մոտ 80 հազար դրամ տանք, որպեսզի պլյուսով դուրս գա: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ Հայաստանում ցորեն ցանելը եկամտաբեր չէ:

Ցորենի համաշխարհային գները էականորեն իջել են, ուստի, ըստ նախարարի, Հայաստանում ցորեն մշակելը տնտեսապես նպատակահարմար չէ:

«Աշխարհաքաղաքական իրավիճակներով պայմանավորված՝ սահմանին ցորենի գինը 199 դոլար է. դա նշանակում է, որ 1 կիլոգրամ ցորենի գինը սահմանին 79 դրամ է,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ խոսքը ջրովիի մասին է, իսկ ոչ ջրովիի դեպքում եկամուտը զրո է:- Միևնույն ժամանակ նաև հասկանում ենք, որ այդ միջոցով մենք փրկում ենք հողերը դեգրադացիայից, իրականացնում ենք ցանքաշրջանառություն: Մարդիկ հողերը մշակում են, դրանով որոշակի զբաղվածություն է առաջանում, կպչում են իրենց հողին, թեկուզ և պետական սուբսիդավորումն է վերջում դառնում իրենց եկամտաբերությունը»:

Պապոյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի աշնանացան չի արվել՝ համաշխարհային իրավիճակով պայմանավորված:

«Գարնանացանը հաջողությամբ արել ենք, աշնանացանն ինչ-որ տեղ պաուզայի և գնահատելու տեղ էր:

Ես ինքս հակված եմ մտածելու, որ թերևս պետք է շարունակել ծրագիրը՝ գարնանացանը, աշնանացանը, բայց դեռ լրացուցիչ քննարկումներ կլինեն»,- ասաց նախարարը:

Միակ ծանրակշիռ փաստարկը, թե ինչու Հայաստանում արժի խրախուսել ցորենի մշակությունը թեկուզ բացասական ինքնարժեքով, պարենային անվտանգության հարցն է: Ըստ նախարարի՝ դա սոցիալական, ազգային անվտանգության միջոցառում է:

236